ԵՄ ներսում խմորումները շարունակվում են։ Ինչպես նշել էինք նախորդ նյութում, ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արդյունքում եվրոպական մի շարք երկրներ լուրջ տնտեսական կորուստներ ունեցան։ Այս պահի դրությամբ կարելի է առաձնացնել եվրոպական երկրների երեք խումբ՝ առաջին խմբում հակառուսական դիրքորոշում ունեցող երկրներն են, երկրորդում՝ միջին վերաբերմունք ունեցողները, ովքեր կողմ են գործող պատժամիջոցների ժամկետի երկարացմանը, սակայն դեմ են նոր պատժամիջոցների կիրառմանը, և երրորդ խմբում երկրներն են, որոնք ցանկանում են չեղյալ հայտարարել բոլոր տեսակի պատժամիջոցները։ Կախված որոշակի հարցերից երկրները հաճախ տեղափոխվում են մի խմբից մյուս խումբ։
Հակառուսական խմբի ղեկավար կարելի է համարել Մեծ Բրիտանիային։ Քաղաքական կշիռով ՌԴ երկրորդ հակառակորը Լեհաստանն է, որը մշտապես հանդես է գալիս պատժամիջոցներն ավելի խստացնելու և Ուկրաինային զենք մատակարարելու հայտարարություններով։ Հակառուսական տրամադրություններն ակտիվ են նաև Էստոնիայում , Լիտվայում և Ռումինիայում։ Ավելի մեղմ դիրքորոշում ունի Լատվիայի նախագահը, սակայն լատվիացի այլ քաղաքական գործիչներ նույնպես բավականին կոշտ հայտարարություններ են անում ՌԴ- ի դեմ։
Երկրորդ խմբի երկրների թվին են պատկանում Շվեդիան, որը բավակաչափ փոխել է իր դիրքոշորումը՝ իհարկե չի դարձել ՌԴ համախոհ, սակայն ի տարբերություն Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Կարլա Բիլդտի, ներկայիս շվեդ քաղաքական գործիչները ընդգծված հակառուսական դիրքորոշում չունեն։ Ցուցակը շարունակում են Դանիան, Հոլանդիան, որոնք քննադատում են ՌԴ-ին, սակայն Ուկրաինային զենք մատակարարելուն դեմ են։ Այս խմբում են նաև Բուլղարիան և Խորվաթիան, որոնք պահպանում են ԵՄ քաղաքականության հիմնական գծերը, սակայն փորձում են շատ չսրել իրավիճակը՝ առավել ևս, որ ռուս տուրիստների հոսքի նվազումը դեպի այս երկրներ մեծապես վնասեց վերջիններիս տնտեսությանը։
Ֆինլանդիան, Բելգիան և Սլովենիան մեկ հանդես են գալիս պատժամիջոցները խստացնելու օգտին, մեկ մեղմացնելու օգտին։ Ֆինլանդիան արդեն բավականին տուժել է պատժամիջոցների արդյունքում՝ ԵՄ-ից գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքի պատճառով, քանզի Ֆինլանդիան ՌԴ-ի հետ բավականին խոշոր չափերի առևտրաշրջանառություն ուներ։ Սլովենիան և Բելգիան նույնպես տնտեսական կորուստներ ունեցան պատժամիջոցների պատճառով։
Գերմանիան մի փոքր բարդ դիրքորոշում ունի։ Կանցլեր Մերկելը մշտապես հանդես է գալիս պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ հայտարարություններով, սակայն Գերմանիայի բիզնես միջավայրի, ինչպես նաև Բունդեսթագի հետ այս հարցի շուրջ ունեցած հակասությունների պատճառով Գերմանիան կողմ է գործող պատժամիջոցների ժամկետի երկարացմանը, բայց դեմ է նորերի կիրառմանը։
Ֆրանսիայում իրավիճակն ավելի բարդ է ։ Նախագահ Օլանդը ոչ մի կերպ չի հայտարարում պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին, ինչի պատճառով էլ հակասության մեջ է մտնում Սարկոզիի, ծայրահեղ ձախակողմյանների և ուլտրաաջակողմյանների հետ։ Ստացվում է, որ Ֆրանսիայում քաղաքական էլիտայի մեծամասնությունը կողմ է պատժամիջոցները չեղյալ հայտարարելուն, իսկ իշխանությունը դա չի անում։
ԵՄ-ի կազմի մեջ չմտնող, սակայն վերջինիս հետ սերտ կապված Շվեյցարիան, Նորվեգիան և Իսլանդիան նույնպես հակառուսական դիրքորոշմամբ չեն փայլում։ Նորվեգիան բավականին խոշոր գումար կորցրեց ՌԴ ձկնամթերք արտահանելու արգելքի պատճառով։ Շվեյցարիան բանկային մասով կորուստներ ունեցավ։ Այս երեք երկրները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել ԵՄ-ի հետ, ուստի ուղղակի լուռ հետևում են վերջինիս, ինչպես Իռլանդիան։
Երրորդ խմբում են Պորտուգալիան, Մալթան և Լյուքսեմբուրգը։ Այս երկրների ղեկավարները մարտ ամսին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ առաջին անգամ հստակ ասացին պատժամիջոցների հետ կապված իրենց դիրքորոշման մասին։ Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներ նույնպես դեմ են պատժամիջոցների ժամկետի երկարացմանը։ Ավստրիան, Հունգարիան և Չեխիան բավականին տնտեսական կապեր ունեն ՌԴ-ի հետ, ուստիև նրանց համար պատժամիջոցներն ուղղակի փորձանք են։
Հունգարիայի վարչապետը, Չեխիայի նախագահը, Ավտրիայի կանցլերը մի անգամ չէ, որ հայտարարել են պատժամիջոցների՝ հենց ԵՄ-ի համար վտանգ լինելու մասին։
Սլովակիան նույնպես երրորդ խմբում է։ Ինչպես հիշում ենք, Սլովակիայի վարչապետը ժամանակին հայտարարեց, որ Հարավային Օսեթիայի պատերազմը Վրաստանն է սկսել, իսկ այսօր էլ հանդես է գալիս ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների դեմ։
Երրորդ խմբի ոչ ֆորմալ լիդեր կարելի է համարել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին։ Վերջին շրջանում Իսպանիայի կառավարությունը նույնպես սկսել է ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների դեմ հայտարարություններով հանդես գալ։
Թե Իտալիան, թե Իսպանիան բավականին շատ տնտեսական և գործարար կապեր ունեն ՌԴ հետ, ուստի բնական է, որ չեն կարող երկար հանդուրժել այս վիճակը, ինչը էապես վնասում է իրենց երկրների թե տնտեսությանը, թե գործարար հատվածին։
Հունաստանն ու Կիպրոսն առհասարակ որևէ շահ չունեն պատժամիջոցներից։ Կիպրոսի նախագահն անգամ պատրաստ է ՌԴ-ին տրամադրել կղզու ռազմածովային բազաները։ Այս երկու երկրները բացի լուրջ վնասներից, այլ բան չեն շահում պատժամիջոցների արդյունքում։
Գուցե ԵՄ ներսում տիրող այս հակասական մթնոլորտը ԵՄ փլուզման պատճառ չդառնա, սակայն այն բավականին լուրջ հակասություններ կառաջացնի եվրոպական երկրների միջև։ ԵՄ-ն չի կարող անտեսել ԱՄՆ-ին՝ դադարեցնելով պատժամիջոցների կիրառումը, սակայն չի էլ կարող ստիպել իր կազմում գտնվող բոլոր երկրներին խստացնել պատժամիջոցները կամ նորերը սահմանել, իսկ որոշներին էլ ՝ երկարացնել դրանց կիրառման ժամկետը։
Բավականին հետաքրքիր վիճակ է ստեղծվել, երբ ԵՄ կազմում գտնվող երկրներից յուրաքանչյուրը սկսում է ցույց տալ, թե ինչքանով է քաղաքականապես անկախ և ինքնուրույն։ Հնարավոր է, որ արդունքում թե ՌԴ-ն, թե այլ պետություններ կարողանան նոր որակի հարաբերություններ հաստատել ԵՄ անդամ երկրների հետ եթե ոչ հիմա, ապա ապագայում վերանայեն մոտեցումները։
Կարծում ենք, ոչ բոլոր եվրոպական երկրները պատրաստ կլինեն զոհել իրենց սեփական շահերը հանուն ԱՄՆ-ի, անգամ Գերմանիան է արդեն հակվում ավելի մեղմ քաղաքականության։ Մի բան փաստ է, որ գլոբալ քաղաքականության մեջ փոփոխություններն անխուսափելի են՝ սկսում են ձևավորվել քաղաքական նոր բևեռներ, ուստի փոքր պետությունները, այդ թվում նաև Հայաստանը, պետք է այս փուլում շատ ուշադիր լինի իր արտաքին քաղաքական գծերը սահմանելիս, որպեսզի կարողանա նոր ձևավորված քաղաքական բևեռներից որևէ մեկում իր կայուն տեղը զբաղեցնել։