Հայաստանում գործող և այս պահին ամենաագրեսիվ գովազդ իրականացնող «Յունիբանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետեր «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է Կիպրոսի օֆշորային գոտում:Թե ինչ է իրենից ներկայացնում աֆշորը և գործարքներն այնտեղ գրանցված ընկերությունների հետ, մեզ թվում է հասարակության համար առավել քան պարզ է: Դրա լավագույն օրինակը Փայլակ Հայրապետյանի սնանկացումն է:
Եվ այսպես՝ բոլորին է հայտնի, որ «Յունիբանկը» և Ռուսական «Յունիաստրում» բանկը նույն մարդունն են՝ մի քանի օր առաջ իր 50 ամյակը տոնած Գագիկ Զաքարյանինը: Վերջինս հասարակությանը հայտնի է ֆինանսական աշխարհում հաջող թռիչքից հետո միայն իր համար բարեհաջող վայրեջք կատարելու յուրահատուկ ունակությամբ: Անդրադառնանք այս օդանավի նավապետի հերթական, մոտավորապես մոտ 70.000.000 ԱՄՆ դոլար արժողությամբ թռիչքին և բարեհաջող վայրեջքին, որի արդյունքում, ճիշտ է, սնանկացավ Կիպրոսի բանկը, բայց դե դա արդեն մանրուք է.
Սույն պարոնն իր գործընկեր Գ.Պեսկովի հետ միասին վաճառում են իրենց «Յունիաստրոմ» Բանկը Կիպրոսի բանկին: Սակայն ձեռքբերումից 4 տարի անց Bank of Cyprus-ը տասնյակ միլիոնավոր եվրոյի խնդրահարույց ակտիվներ է հայտնաբերում այնտեղ և առաջարկում է դիտարկել բանկի նախագահի (2008-ից Գագիկ Զաքարյանն է) համապատասխանության հարցն իր զբաղեցրած պաշտոնին: Խնդրահարույց ակտիվների թվում են 2008-ին սնանկացած Marta Group-ի 16,2 մլն դոլարի վարկը և 18 մլն եվրոյի վարկը ՛՛Экоинвест՛՛-ին:
Վերջինը պատկանում է Գրիգորի Սրապյանին: Նա նաև ՛՛Ю-пропертис՛՛ ընկերության գլխավոր տնօրենն է, որի համասեփականատերերն են «Յունիաստրում»-ի բաժնետերեր Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պեսկովը: Ըստ աուդիտորի՝ ՛՛Экоинвест՛՛-ը վերահսկել են «Յունիաստրում»-ի վարչության անդամները:
2013-ի հունիսին Կիպրոսի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ, Կիպրոսի խորհրդարանի նախագահ ազգությամբ հայ Մարիուս Գարոյանի հորդորով Կիպրոսի նախագահը հանձնարարում է դատախազությանը հետաքննել Կիպրոսի բանկի կողմից «Յունիաստրում» բանկի ձեռք բերման գործընթացը: Անցկացված հետաքննության արդյունքում «Ալվարեզ-Մարսալ» քոնսալթինգային ընկերության աուդիտորները գալիս են այն եզրահանգման, որ խնդրահարույց վարկերը ներգրավված են եղել «Յունիաստրում» բանկի վարկային փաթեթի մեջ՝ նախքան վաճառքը: Ըստ նրանց` փաստացի 34.2 միլիոն եվրոյի վարկը հենց Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պեսկովն են վերցրել, այնուհետև իրենց իսկ վերցրած վարկը մտցրել են բանկի պորտֆելի մեջ, վաճառել այն արդեն երկրորդ անգամ և վերջում, ուղղակի չսպասարկելով այն, Կիպրոսի բանկը հասցրել սնանկացման եզրին, իսկ իրենք էլ մաքուր տարել են 68.4 միլիոն եվրո:
Դատախազության քննարկման նյութ է դարձել նաև վաճառքի հետ կապված այն հանգամանքը, որ գործարքի գինը արհեստականորեն բարձրացված է եղել, և դրա համար մոտ 50 միլիոն եվրոյի չափ «ատկատներ» են տրվել:
Նշենք, որ Գագիկ Զաքարյանը հայկական «Յունիբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահն է և հիմնական բաժնետերերից մեկը: Մասնավորապես` նրան է պատկանում բանկի 12,285% բաժնեմասն ուղղակիորեն, ինչպես նաև 37,715%-ն` անուղղակի կերպով: Գ. Զաքարյանը «Յունիբանկ» ՓԲԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության 50%-ի բաժնետերն է, որի մնացած 50%-ի սեփականատերն էլ նրա գործընկեր Գեորգի Պեսկովն է, որն, ի դեպ, ուղղակիորեն տիրապետում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի մնացած` 12,285% բաժնեմասին:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Գ. Զաքարյանը և Գ. Պեսկովը «Յունիբանկ» ՓԲԸ-ի հավասար` 50-ական % բաժնեմասի սեփականատերեր են: Գ. Զաքարյանը բացի «Յունիաստրում» բանկի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց նաև «Յունիաստրում» ընկերության վարչության նախագահն է: Այժմ նրանք ամբողջությամբ վաճառել են «Յունիբանկ» ՓԲԸ-ի իրենց բաժնեմասերը «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը, որի սեփականատերերը դարձյալ իրենք են: Այսինքն` տվյալ գործարքը կարող է միայն մի նպատակ հետապնդել` ֆորս մաժոր:
Սնանկացման դեպքում Գ. Զաքարյանը և Գ. Պեսկովն անձնական գույքերով այլևս պատասխանատվություն չեն կրի, պատասխանատվությունը կընկնի «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության վրա, որն, ինչպես վերը նշեցինք, գտնվում է օֆշորային գոտում: Նման պարագայում բնական է, որ ՀՀ ոչ մի ավանդատու քաղաքացի ուղղակի ի վիճակի չի լինելու հասնել Կիպրոս, վարձել փաստաբան և այդ ընկերությունից պահանջել իր գումարները:
Ի դեպ, 2014թ. մարտի 12-ին Գ. Զաքարյանը, իսկ 2014 թ. փետրվարի 20-ին էլ Գ. Պեսկովն արդեն իսկ վաճառել են «Յունիաստրիմ» դրամային փոխանցումների համակարգի իրենց բաժնեմասերը: Այսինքն` եթե նախկինում «Յունիբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ վստահության հիմնական աղբյուր էր այն, որ նրա թիկունքին կանգնած էր «Յունիաստրիմ» դրամային փոխանցումների համակարգը, ապա այս պահին դա էլ չկա: Նշենք պարզապես մի հանգամանք, որը վկայում է այն մասին, որ այսօր «Յունիբանկի» գործերը Հայստանում այնքան էլ լավ չեն: Գաղտնիք չէ, որ բանկերը բարձր տոկոսներով ավանդներ են վերցնում այն ժամանակ, երբ ֆինանսական խնդիրներ են ունենում: Ներկայումս ՀՀ –ում գործող ավանդային ամենաբարձր տոկոսը հենց «Յունիբանկ»-ինն է : Այսօր «Յունիբանկ» ՓԲԸ-ն ակտիվ գովազդի միջոցով քաղաքացիներից 18% տարեկան տոկոսադրույքով ավանդներ է ներգրավում, բայց, միևնույն ժամանակ վարկեր գրեթե չի տրամադրում:
Թե ինչպե՞ս է գոյատևում այս բանկը, պատկերացնելն անհնար է, համենայն դեպս, մեզ հայտնի չէ այնպիսի մի սխեմա, երբ ապրանքը կարելի է վերցնել թանկ գնով, այն վաճառել ավելի էժան և շահույթ ստանալ: Թեև նման սխեմաների հեղինակներ գործել են դեռևս 1990-ականներից, բայց վերջում բոլորի արարքներն էլ որակավորվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, և համապատասխան սուբյեկտները ծովափ գնալու փոխարեն ուղեւորվել են ուղղիչ աշխատանքային հիմնարկություններ: Նայելով այս սցենարին` դժվար չէ պատկերացնել, որ Զաքարյան-Պեսկով զույգն հասել է ավարտական փուլին, այն է` որքան հնարավոր է շատ ավանդներ ներգրավել ՀՀ բնակչությունից, գրեթե չտալ վարկեր , այնուհետև վաճառել «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը ինչ-որ մի դրածո ֆիրմայի և հետագայում այն հայտարարել սնանկ, ինչն արվեց Կիպրոսի բանկի դեպքում:
Վերլուծելով այս ամենը և հաշվի առնելով «Յունիբանկի» տերերի «փառավոր» անցյալը, առավել քան ակնհայտ է դառնում Հայաստանում հերթական ֆինանսական բուրգի պայթելու հավանականությունը` այս անգամ «Յունիբանկի» տեսքով: Այդ դեպքում «Յունիբանկի» ներկայիս ղեկավարներին կմնա միայն ծափահարել իրենց անխոջ օդանավի ղեկավարի հերթական հաջողված թռիչքի և բարեհաջող վայրեջքի կապակցությամբ:
Հույս ունենք, որ պատկան մարմինները նշված հանգամանքներն ուսումնասիրության կարժանացնեն և հետաքննություն կսկսեն ոչ թե «Յունիբանկի» թռչելուց հետո, այլ հիմա, քանի դեռ հնարավոր է ինչ- որ կերպ կանգնեցնել ՀՀ քաղաքացիների վերջին խնայողությունների արտահոսքը դեպի օֆշոր: Մեր մյուս հրապարակման մեջ կանդրադառնանք մեր օդանավի նավապետ Գագիկ Զաքարյանի «Ամիրյան Պալաս» օդանավի թռիչքի նախապատրաստական աշխատանքներին: