Վերլուծական 

Հայկական Սփյուռքը կարող է հանգիստ քնել

Հրանուշ Հակոբյանն ապշեցրեց համայն աշխարհի հայությանն իր հերթական միջոցառմամբ: Այն, որ տիկին Հակոբյանը սիրում է պիոներական հանդեսներ, գիտենք բոլորս, բայց այս մի ՛՛հանդեսն՛՛ ուղղակի չի կարող անտեսվել: Խոսքը վերաբերում է «100 բարձ ապրելու համար» նախագծին, որը նվիրված է Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:


Նախագծի շրջանականերում ասեղնագործվել են 100 բարձեր, որոնք Հրանուշ Հակոբյանի ՛՛սուրբ՛՛ հովանու ներքո ուղարկվելու են Սփյուռքի մեր հայրենակիցներին: Երևի տիկին Հակոբյանն ուզում է այս կերպ Սփյուռքի մեր հայրենակիցներին ասել, որ քանի ես կամ դուք կարող եք հանգիստ քնե՞լ , քանզի որևէ ակտիվ գործողության կարիք չկա: Այսպիսի հետևություն անելու համար կան բազմաթիվ հիմքեր.



Սկսենք նրանից, որ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ ամենածանրաբեռնված նախարարությունը պետք է լիներ հենց Սփյուռքի նախարարությունը, որն այս ընթացքում պետք է արդեն հասցրած լիներ աշխարհում բավականին լուրջ հայկական հասարակական ցանց ստեղծել՝ Հայոց Ցեղասպանության հարցը լոբբինգ անելու, ինչպես նաև ՀՀ դիվանագիտական կառույցներին աջակցելու համար: Այս գործառույթը ոչ միայն չիրականացվեց, այլ մինչև այսօր էլ Հրանուշ Հակոբյանը չի գիտակցում, որ պետք է նման բան արվեր:



Սփյուռքի նախարարության հաջորդ գործառույթը պետք է լիներ Հայաստանը սփյուռքահայ ներդրողներին հավուր պատշաճի ներկայացնելը և ներդրումներ ներգրավելը: Այս մասով տիկին նախարարը սահմանափակվեց միայն կոչերով՝ եկեք և ներդրումներ կատարեք Հայաստանում բովանդակությամբ: Բնական է, որ որևէ սփյուռքահայ ներդրող չէր հետաքրքրվելու Հայաստանով տիկին Հակոբյանի կոչերի արդյունքում, առավել ևս այն դեպքում, երբ տեսնում է, թե իրենց կոչ անողն ինչով է զբաղված այս տարիների ընթացքում:



Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Նախարարություն, որը բավականին լուրջ ֆինանսավորում է ստանում ՀՀ պետբյուջեից, պետք է ունենա Հայաստանի համար կարևորագույն դեր, բայց զբաղված է հանդեսներ կազմակերպելով , բարձեր ասեղնագործելով՝ մի խոսքով Սփյուռքի նախարարությունն այսպես ասած վերածվել է աշխատանքի ուսուցման դասասենյակի:



Այսքանից հետո տիկին Հակոբյանին պետք է ասել բարի գիշեր և անուշ երազներ...

Նույն շարքից