Օրերս ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարներից գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, ծավալուն հարցազրույց է տվել armiya.az էլեկտրոնային պարբերականին՝ երկամյա վաղեմության առճակատումը ներկայացնելով որպես ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակ:
Սեփական բանակի հասցեին շռայլություններ չխնայած ադրբեջանցի բարձրաստիճան հրամանատարը չի զլացել նաև «փնովել» հայկական բանակի գործողությունները՝ նշելով, որ 2015թ.-ից սկսած հայկական կողմը տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթի տակ էր պահում առաջնագծի մոտակայքում տեղակայված ադրբեջանական բնակավայրերը՝ դրան զուգահեռ իրականացնելով դիվերսիոն ներթափանցման փորձեր:
Թեմայի շուրջ «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ԱՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ:
- Պարո՛ն Հասրաթյան, ինչպե՞ս կբնութագրեիք ադրբեջանցի գեներալի այս դիտարկումները:
- Նախ, եթե ուսումնասիրեք բանակի մամուլի ծառայության կողմից տարածվող օպերատիվ ամփոփագրերը, կտեսնեք, որ 2014թ. երկրորդ կեսից սկսած ադրբեջանական կողմը պարբերաբար ավելացնում էր հրադադարի ռեժիմի խախտումների քանակն ու կիրառվող զինատեսակների տրամաչափերը՝ արհեստականորեն ու միտումնավոր սրելով իրադրությունը: Իսկ 2014թ. նոյեմբերի 12-ին ավելի հեռուն գնաց և խոցեց ուսումնավարժական թռիչք իրականացնող, անզեն Մի-24 ուղղաթիռը, ինչը հրադադարի ամենախոշոր խախտումն էր 1994թ.-ից ի վեր: Այնուհետև անտեսելով բոլոր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը հրաժարվեց հայկական կողմին վերադարձնել չեզոք գոտում հայտնված ուղղաթիռի անձնակազմի դիակները: Դրան հետևեց արցախյան կողմի փայլուն կազմակերպված և իրականացված ուղղաթիռի անձնակազմի դիերի տարհանման օպերացիան, ինչը մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում:
Եվ ահա այսպես, օր-օրի լարելով իրադրությունը, ադրբեջանական կողմը ապրիլին դիմեց ռազմական արկածախնդրության: Իսկ ինչ վերաբերում է խաղաղ բնակավայրերին հարվածներ հասցնելուն, ապա պետք է նշեմ, որ Արցախի պաշտպանության նախարարությունը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ ադրբեջանական խաղաղ բնակավայրերն ու առաջնագծին մոտ տեղակայված քաղաքացիական բնակչությունը, որը դարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անհեռատես քաղաքականության պատանդը, մեզ համար հակառակորդ չէ և երբեք չի թիրախավորվել մեր կողմից: Այլ դեպք է, երբ ադրբեջանական զինվորական ղեկավարությունը, թաքնվելով սեփական ժողովրդի թիկունքում և վերջիններիս օգտագործելով որպես կենդանի վահան, իր կրակակետերը տեղակայում է խաղաղ բնակավայրերում և սկսկում այնտեղից կրակ վարել: Տվյալ դեպքում այդ կրակակետերը ենթակա են անհապաղ ոչնչացման: Այստեղ, որպես ապացույց, նշեմ միայն ադրբեջանական Չեմենլի և Զանգիշալը բնակավայրերում տեղակայված կրակակետերի լռեցման փաստը, որից հետո տեղի բնակիչների և զինվորականության շրջանում առաջացան բախումներ: Սրանից ավելի խոսուն ապացույցներ անհնար է գտնել:
- Ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարը նշում է, որ իրենց պաշտպանության նախարարը մի անգամ հրամայել է պլանավորել և իրականացնել հայերին ավելի որոշիչ և կտրուկ հարված հասցնելու ծրագիր, որով մեկընդմիշտ վերջ կտրվեր բոլոր խնդրահարույց հարցերին: Պրն Հասրաթյան, արդյո՞ք սրանից կարելի է հասկանալ, որ ադրբեջանական կողմը վաղուց էր նախապատրաստվում հարձակման:
– Ադրբեջանական գեներալի այս խոսքերն ակամայից վկայում են, որ մինչև 2016թ. ապրիլը նրանց կողմից ակտիվ նախապատրաստություն է տարվել հարձակողական լայնամասշտաբ օպերացիա իրականացնելու համար: Որպես դրա դրդապատճառներ կարելի է համարել և՛ Ադրբեջանի ղեկավարության ամենատարբեր առիթներով արվող՝ Արցախը զենքի ուժով նվաճելու մասին հայտարարությունները, և՛ միլիարդավոր դոլարների սպառազինության ձեռքբերումը, և՛ ներքին լարվածությունը, և՛ միջազգային իրադրությունը: Սակայն նավթադոլարների հոտից արբեցած ադրբեջանական ղեկավարությունը չէր հաշվարկել կամ գուցե մոռացել էր հայ զինվորի բարձր մարտական ոգու, անկոտրում կամքի, հայրենիքն ու տունը կյանքի գնով պաշտպանելու պատրաստականության ու հայի միասնականության մասին, որոնց հանրագումարն էլ ի վերջո, ինչպես արցախյան առաջին, այնպես էլ ապրիլյան պատերազմի ժամանակ վճռորոշ եղան մեր հակառակորդին հրադադար պարտադրելու գործում: Իսկ ինչ վերաբերում է բոլոր խնդրահարույց հարցերին մեկընդմիշտ վերջ տրմանը, ապա Ադրբեջանում տիրող հայատյացության պայմաններում դժվար չէ հասկանալ, թե ինչի մասին էր երազում հակառակորդ երկրի վառոդի հոտը երբևէ չառած պաշտպանության նախարարը:
Մանրամասն՝ artsakhpress.am