Առողջապահություն 

ԱՀԿ հաշվարկների համաձայն՝ մինչև 2050 թ․ աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով

analitik.am

«Նոյեմբերի 12-ից մեկնարկում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը»,- այսօր լարագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, և հավելել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ իրականացվող քարոզարշավի նպատակն է յուրաքանչյուրին և ամենուրեք հասցնել, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային  առողջապահության արդիական հիմնախնդիր է, բարձրացնել իրազեկությունը հակաբիոտիկների պատշաճ օգտագործման ուղղությամբ և դրանով իսկ պահպանել ազդեցությունը, նպաստել մոտեցումների փոփոխմանը:

Անդրադառնալով խնդրի կարևորությանը` Հանրային առողջապահության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանն ընդգծել է, որ հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով դրանք պետք է օգտագործել պատշաճ, նպատակային և միայն բժշկի  նշանակմամբ:

1928 թվականին Ֆլեմինգի կողմից պենիցիլինի հայտնագործությունը փրկեց միլիոնավոր կյանքեր: Այսինքն` մարդկությունը իմացավ, թե ինչպես կարելի է պայքարել բակտերիալ վարակների դեմ: Սակայն ներկայումս շատ հակաբիոտիկներ դարձան անարդյունավետ: Հիմնական պատճառը հակաբիոտիկներն անհիմն ու ոչ ճիշտ օգտագործումն է, բուժման ընդհատումը, որի արդյունքում զարգանում է  հակաբիոտիկների նկատմամբ կայունություն: Դեղակայուն ձևերով վարակիչ հիվանդությունները ենթակա չեն ստանդարտ սխեմաներով բուժման, արդյունքում երկարում է հիվանդության ընթացքը, բուժումը դառնում է անարդյունավետ և մեծանում է  բարդությունների  և մահվան դեպքերի թիվը:

ԱՀԿ հաշվարկների համաձայն` եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ,  մինչև 2050  թվականին աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար։

Վարակի հսկողությունն ու կանխարգելումն արդյունավետ միջոց է  հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարում, քանի որ նվազեցնում է յուրաքանչյուր տեսակի վարակի տարածումը, կանխում է միկրոօրգանիզմների փոխանցումը, այդպիսով կրճատելով հակաբիոտիկների նշանակման պահանջը և կանխում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության  առաջացումը:

ԱՀԿ-ն կոչ է անում  առողջապահության ոլորտի բոլոր մասնագետներին. պայքարել  հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունության դեմ` վարակի հսկողության և կանխարգելման պատշաճ միջոցառումների իրականացմամբ,  ձեռքերի պատշաճ հիգիենայի ապահովմամբ, բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև  ազգային մակարդակներում հակաբիոտիկների պատշաճ կիրառման ռազմավարությունների մշակմամբ և ներդմամբ: Եվրոպական տարածաշրջանի երկներում իրականացված տնտեսական գնահատման համաձայն` կանխարգելիչ միջոցառումների  իրականացումը նվազեցնում է` թե մահվան դեպքերը, թե ֆինանսական ծախսը:

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է,  քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում  հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև կանխարգելման, ինչպես նաև աճը խթանելու համար: Արդյունքում դեղակայուն մանրէները կարող են  կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով: Ըստ միջազգային տվյալների` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50% ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` մասնավորապես որպես կերային հավելում:  Վերջին 30 տարվա ընթացքում հակաբիոտիկների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում ավելացել է 30 անգամ, իսկ առողջապահության ոլորտում 10:

Միայն համատեղ և արդյունավետ միջգերատեսչական համագործակցությամբ  կարող ենք զսպել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը։

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գևորգ Ավետիսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Բեգլարյանը, գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Աշխեն Շիրվանյանը:

Նույն շարքից