Վերլուծական 

Ինչու աշխարհը ստորաբար չի խոնարհվում մեր հեղափոխության առաջ ու ներդրումներ չի անում

«168 ժամ» թերթը գրում է. «Օտարերկրյա ներդրումները ողողելու են Հայաստանը, և կարճ ժամանակ հետո արձանագրվելու է շոշափելի տնտեսական աճ։ Սա էր այն հիմնական ուղերձներից մեկը, որ հեղափոխությունից հետո հղում էր ու շարունակում է հղել Հայաստանի նոր իշխանությունը։

Հեղափոխությունից հետո անցել է ամբողջ 10 ամիս, սակայն Հայաստան որևէ օտարերկրյա ներդրման, աննախադեպ ներդրումային նախագծի մասին տեղեկություններ հայտնի չեն ու չեն հաղորդվում։ Ոչ թե դրանք գաղտնի են պահվում, այլ պարզապես չեն հաղորդվում՝ գոյություն չունենալու պատճառով։ Հայաստանի նոր իշխանությանը թվում էր, թե կոռուպցիան ներդրումների հոսքը խոչընդոտող հիմնական գործոնն է, և, որ կոռուպցիայի վերացմամբ Հայաստանը կդառնա ներդրումային օազիս։

Իրականությունը, սակայն, այլ է. այո՛, կոռուպցիան խոչընդոտում է ներդրումներին, սակայն այնպես չէ, որ միայն կոռուպցիայի բացակայությունը բավարար է ներդրումների հոսքի համար։ Դա անհրաժեշտ պայմաններից մեկն է միայն։

Իրականում ներդրումների (իրական և ոչ թե՝ քարոզչական ներդրումների) համար անհրաժեշտ է աշխատանք, ամենօրյա տքնաջան աշխատանք՝ օրենսդրական, իրավական, կառավարչական ու այլ ուղղություններով։ Մինչդեռ մենք տեսանք, որ այդ աշխատանքի համար ուղենիշային նշանակություն ունեցող փաստաթուղթը՝ կառավարության ծրագիրը, ընդամենը բարի ցանկությունների շարադրանք էր՝ առանց որևէ ռազմավարական կամ հայեցակարգային ուղղվածության։

Մենք տեսնում ենք` ովքեր են իրականացնելու այդ ծրագիրը. կառավարության կադրային բազան որակական առումով որևէ քննադատության չի ենթարկվում։ Այսինքն՝ Հայաստանում իրականում բացակայում են այն պայմանները, որոնք պարտադիր են ներդրումների հոսքի համար՝ աշխատանք և կադրեր։

Ու պատահական չէ, որ աշխատանքի բացակայությունը փորձ է արվում փոխհատուցել զանազան արհեստական թեմաներով՝ հիմնի փոփոխությունից մինչև սահմանադրական փոփոխություններ ու թումանյանական քառյակներ։ Իշխանությունը խնդիր ունի զբաղեցնել հասարակությանը, որի շրջանում էյֆորիան գնալով նվազում է, իսկ էյֆորիային փոխարինելու է գալիս ռացիոնալ մտածողությունը, որը մարդկանց մղում է մտածելու ու համարժեք գնահատելու նոր իշխանությունների քայլերը։

Իսկ դրանք կա՛մ բացակայում են, կա՛մ արվում են ընդամենն աշխատանքի իմիտացիա ապահովելու համար։ Այս պայմաններում ակնկալիքները, որ դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումներ կհոսեն, մեղմ ասած, իրատեսական չեն։ Ներդրողների համար բավական չէ, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն։

Մինչդեռ մեր իշխանությունը հեղափոխությունը դարձրել է երկրի այցեքարտ և ստիպում է, որ աշխարհը խոնարհվի հայկական հեղափոխության առաջ։ Աշխարհն էլ ստորաբար չի խոնարհվում ու ներդրումներ չի անում Հայաստանում»:

 

  • 51
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    53
    Shares

Նույն շարքից