Վերլուծական 

Ինչպես է Ռուսաստանը կառավարում Նիկոլին...

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային պատկերացումները բավականին տարտամ են թվում, և առաջին հերթին՝ այն պատճառով, որ նոր իշխանություններն այդպես էլ չեն ներկայացնում իրենց մոտեցումներն այս հարցերում։ Միաժամանակ, ակնհայտ է, որ մեր արտաքին քաղաքականության կարևորագույն գործընկերը Ռուսաստանն է, իսկ Հայաստանի քաղաքականությունը, և առաջին հերթին՝ անվտանգային քաղաքականությունը կենտրոնացած է անձնապես Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Ուստի, մեր անվտանգության ապագան փոքր-ինչ հասկանալու համար փորձենք քննարկել մի քանի լայն տարածում գտած Նիկոլ Փաշինյան-Ռուսաստան միֆեր։

  1. Նիկոլը ատում է Ռուսաստանը

Նիկոլ Փաշինյանը հետխորհրդային սերունդ է, ով ներծծված չէ սովետական նոստալգիայով։ Նիկոլ Փաշինյան-լրագրողի ստեղծագործական հասունացումը և Նիկոլ Փաշինյան-քաղաքական գործչի կայացումը իրականացել է բավական առողջ միջավայրում, որտեղ եղել է Ռուսաստանի նկատմամբ ավելի շատ օբյեկտիվ վերաբերմունք, քան պաշտամունք։ Ավելին, երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանը մաս է կազմել այնպիսի ընդդիմության, որտեղ ընդդիմադիր լինելը նախևառաջ նշանակում էր՝ պահանջել «ավելի քիչ Ռուսաստան հայկական քաղաքականության մեջ» սկզբունքի իրագործում։ Նաև նշենք, որ Նիկոլ Փաշինյանը չի նկատվել Ռուսաստանի կամ նրա գործակալների հետ շփումներում։

Մի շարք դրույթներ, որ նախկինում առաջ է քաշել Նիկոլ Փաշինյանը, և որոնք հիմա անընդհատ նրան երեսով են տալիս, ինչպես, օրինակ, նրա կողմից հայտարարված՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտությունը, ապրիլյան պատերազմին Ռուսաստանի մասնակցության մակարդակը, և այլն, ամբողջապես գալիս են այդ շրջանից և արտահայտում են Նիկոլ Փաշինյան-ընդդիմադիր գործչի background-ը և իրական քաղաքական պատկերացումները։

  1. Նիկոլը սիրում է Ռուսաստանը

Քաղաքականությամբ զբաղվելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասկացավ այն հսկայական դերը, որ Ռուսաստանը խաղում է հայկական քաղաքականության մեջ։ Իր համար, առաջին հերթին, Ռուսաստանի նշանակությունը խիստ կարևորվում էր որպես «թագադիր ասպետի»՝ Հայաստանի իշխանություններին արտաքին լեգիտիմություն հաղորդողի։ Այս պատճառով էլ սիրողական արևմտամետությունը սկսեց աստիճանաբար փոխարինվել «հայաստանամետության» լոզունգով։

Իհարկե, այս լոզունգն իրականում ամբողջովին տավտոլոգիա է՝ կրկնաբանություն, քանի որ այն Հայաստանի իշխանությունների սահմանադրական ու տրամաբանական սահմանումն է՝ Հայաստանի իշխանությունները պետք է վարեն Հայաստանի շահերից բխող քաղաքականություն, և այստեղ լոզունգների կարիք չկա: Ամբողջ հարցը այդ վարվող քաղաքականության գործիքակազմի և մեթոդաբանության մեջ է, որն էլ պետք է արտահայտեր արտաքին քաղաքականության լոզունգը։

Ընդունելով Ռուսաստանի կարևորագույն դերը իր լեգիտիմացման գործում, Նիկոլ Փաշինյանը սկսեց անել այնպիսի քայլեր, որոնք կցուցադրեին իր անթաքույց հավատարմությունը Մոսկվային՝ սկսած պնդումից, թե ինքը ամենաշատ հակաամերիկյան հայտարարություններ արած գործիչն է, մինչև՝ Ռուսաստանի պահանջով Սիրիա հայկական զորախումբ ուղարկելը։

  1. Ինչպես է Ռուսաստանը կառավարում Նիկոլին

Թերևս, այս փոքրիկ հոդվածում չարժե խրվել դավադրությունների տեսության մեջ, կամ հաշվել, թե Նիկոլ Փաշինյանի կողքին քանի սորոսական և ԳՌՈՒ-ի քանի գործակալ կա, ու ըստ այդմ բացատրել Փաշինյանի անվտանգային նախասիրությունները։

Դրա փոխարեն՝ ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը հմտորեն կառավարում է Հայաստանի ղեկավարի քաղաքական դիխոտոմիան՝ անվտանգության պատկերացումների և արտաքին լեգիտիմությունը կորցնելու միջև։ Իհարկե, հընթացս ռուսական ծառայությունները դրան հավելում են Նիկոլ Փաշինյանի անձնական հատկությունների մեջ իրենց հարմար գծերը, ինչը բավական էֆեկտիվ մեթոդ է, քանի որ արտաքին քաղաքական որոշումները հիմնականում նրա կողմից ընդունվում են միանձնյա։ Ռուսաստանի համակրանքը շահելու և իր վրայից արևմտամետի «խարանը» մաքրելու մրցավազքում Նիկոլ Փաշինյանը համարյա զրոյացրեց Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ, ինչով վերացան Ռուսաստանի վրա ազդելու մեր լծակները, և երկիրը հայտնվեց անվտանգային փակուղում։

Քանի որ Նիկոլ Փաշինյանի հիմնական վախերից է միջազգային լուրջ քաղաքական գործչի իր իմիջը կորցնելը, ապա Ռուսաստանը չափազանց հաճախ է դիմում հենց այս գործիքին՝ սկսած նրան սեղանի ծայրին կամ անկյունում նստացնելուց, մինչև նրա անհմուտ ռուսերենը ծաղրելը։ Հաճախ Նիկոլ Փաշինյանն ինքն է կոպտորեն վնասում իր իմիջին, ինչպես, ասենք, Խաչատուրովին ՀԱՊԿ-ից ետ կանչելու դեպքում, և Ռուսաստանը չի հապաղում օգտվել նմանատիպ հարմար առիթներից։

Արդյունքում՝ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը՝ անկախ իր հակառուս կամ ռուսամետ լինելուց, դարձել է ոչ միայն Ռուսաստանի պահանջները, այլև կամակորությունները կատարող։ Վերջիններս շարքում կրկին նշենք Սիրիա հայկական զորք ուղարկելը, որն ակնհայտորեն հակասում է Հայաստանի շահերին, և նախկին ղեկավարները, որքան էլ ռուսամետ համարվեին, Կրեմլի այդ ցանկությունը չէին կատարում։

Իհարկե, Ռուսաստանի հիմնական խնդիրը մեր տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտությունն է և այդ հակամարտության լուծման համար «Լավրովի պլանի» իրագործումը։ Անկախ այս պլանի մանրամասներից՝ Կրեմլի համար էականը հակամարտության գոտում ռուսական զորքի տեղակայումն է, մնացածը՝ սահմաններ, տարածքներ, ստատուս, փախստականներ, խաղաղություն, պատերազմ, և այլն, պետք է ծառայեն զորքի տեղակայման գերնպատակին։

Նախկինում այս պլանի իրագործմանը խոչընդոտում էին՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի ղեկավարությունը և բանակը։ Հայաստանի ղեկավարությունը հեղափոխության միջոցով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանը անձնական ամբիցիաները առաջ տանելով՝ հանգեցրեց մի վիճակի, որ Հայաստանի դիրքը բանակցություններում շատ ավելի վատն է, քան մինչհեղափոխական շրջանում։

Այժմ Հայաստանում հետևողական աշխատանք է գնում նսեմացնելու բանակի նշանակությունը և նրա ղեկավարությանը։ Նիկոլ Փաշինյանը լուրջ գործունեություն է ծավալել փոխելու Արցախի այն ղեկավարությունը, որը չի ընդունում Լավրովի պլանը։ Իհարկե, այս ամենն արտաքուստ արվում է ոչ թե ռուսական խաղաղապահներ բերելու պահանջի իրականացման համար, այլ՝ որպես պայքար կոռուպցիայի դեմ և հանուն ժողովրդավարության, որպես հեղափոխության էքսպորտ դեպի հայկական երկրորդ պետականություն, կամ վատագույն դեպքում՝ որպես անձնական նեղացածություն Արցախի առանձին ղեկավարներից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից