Վերլուծական 

Անհասկանալի է մնում, թե ինչու՞ մամուլի ազատության համար պայքարում հիմա անհրաժեշտ է սահմանափակել մամուլի ազատությունը․ Աղասի Ենոքյան

analitik.am

Հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրենքի նախագծի վերաբերյալ «Մեդիա Պաշտպանի» տարածած հայտարարության և այնտեղ արտահայտված մտահոգությունների շուրջ հարցազրույցներով ու պարզաբանումներով են հանդես եկել օրենքի նախագծի հեղինակներից «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը և «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի ղեկավար Աշոտ Մելիքյանը։

Հարցազրույցներում կոշտ գնահատականներ կան նախորդ իշխանության օրոք մամուլի ազատության հարցերին ու նաև պատճառաբանվում է, թե հենց հեռուստաընկերություններին Բաղրամյան 26-ից կտրելու և օրենքի դաշտ բերելու համար է նախաձեռնվել այս նախագիծը։

Սակայն, անհասկանալի է մնում, թե ինչու՞ մամուլի ազատության համար պայքարում հիմա անհրաժեշտ է սահմանափակել մամուլի ազատությունը՝ հանրային մուլտիպլեքսից հանել մասնավոր հեռուստաընկերություններին և այնտեղ թողնել միայն հանրային հեռուստաընկերությունը։ Դրանով ոչ միայն հարյուր հազարավոր հեռուստադիտողներ են զրկվելու իրենց նախընտրած հաղորդումները դիտելու հնարավորությունից (պարզապես ընտրություն չեն ունենալու), այլև պետությանն է հասցվում միլիոնավոր դրամների վնաս, քանի որ հանրային մուլտիպլեքսորը մասնավոր հեռուստաընկերություններից այլև չի ստանալու համապատասխան վճարները։

Անհասկանալի է, թե ինչու գոյություն ունեցող հանրային մուլտիպլեքսորը՝ ունենալով համապատասխան կարողություններ, պետք է մասնավոր հեռուստաընկերություններին զրկի դրանք օգտագործելու հնարավորությունից։ Ի վերջո, հանրային մուլտիպլեքսորը ինչ-որ իշխանավորների կամ նրանց սպասարկող հասարակական կազմակերպությունների սեփականությունը չէ, այլ մասնավոր հեռուստաընկերությունների և նրանց հեռուստադիտողների հարկերով ստեղծված և սպասարկվող կառույց է։

Ինչ վերաբերում է նոր օրենքի նախագծով մասնավոր մուլտիպլեքսորների ստեղծման հնարավորություններին, ապա իրավամբ պետք է նկատել, որ գործող օրենքները դրա համար չափազանց տարտամ հեռանկարներ են ուրվագծում, մինչդեռ նոր օրենքով այն բավականին կանոնակարգված է դառնում։ Սակայն կարծում ենք, որ հանուն այդ կանոնակարգվածության, չարժե մասնավոր հեռուստաընկերություններին հանել հանրային մուլտիպլեքսից և թողնել մասնավոր մուլտիպլեքսոր ունենալու բաղձանքի հույսին` նրանց ստիպելով ստեղծել մասնավորը, ինչն ի դեպ, բիզնես տեսանկյունից շարունակում է չափազանց թանկ և ռիսկային ձեռնարկ մնալ։

Ի դեպ, օրենքի նախագիծը ՀՌՀ-ին տալով զուտ փորձագետների եզրակացությունները դակող գործառույթ` էապես սահմանափակում է բավականին թանկարժեք այս պետական մարմնի լիազորությունները։

Ուշագրավ է, որ օրենքի նախագիծը մշակողների մեկնաբանություններից պարզվում է, որ նախագիծը մշակվել է շուրջ 10  տարի և զարմանալի է, որ այն անակնկալ է հանդիսացել հեռուստաընկերությունների ղեկավարների համար։ Կարծում ենք` պետք չէ նեղանալ, որ հեռուստամենեջերները չեն արձագանքել ՀԿ-ների հրավերների և չեն մասնակցել նրանց կազմակերպած երկու սեմինարներին: Այնուամենայնիվ, 10 երկար ու ձիգ տարիների ընթացքում հնարավոր էր գտնել հեռուստաընկերությունների հետ հաղորդակցվելու լրացուցիչ ուղիներ։

Եվ, ի վերջո, ֆինանսական կողմի մասին։ Իհարկե, հարիր չէ ուրիշի փողերը հաշվելը, բայց ակնհայտորեն այս ծրագիրը թերֆինանսավորված է։ Եթե, այնումենայնիվ, մամուլի ազատությանը հետամուտ միջազգային կառույցներին հետ չի պահում այն հանգամանքը, որ այս նախագծով հեռուստաընկերություններ են փակվելու, ապա կոչ ենք անում գոնե լուրջ միջոցներ տրամադրել այս ՀԿ-ներին, որպեսզի նրանք կարողանան գրագետ իրավաբանների թիմ ձևավորեն և օրենքի նախագիծը բերեն պատշաճ տեսքի:

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար՝

Աղասի Ենոքյան

Նույն շարքից