Վերլուծական 

Նիկոլ Փաշինյանը պետք է հանի «վարդագույն ակնոցներն» ու անդրադառնա տնտեսության մեջ առկա խնդիրներին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի տնտեսության մեջ կտրուկ զարգացում այդպես էլ նկատելի չէ, ավելին՝ առկա վիճակը նույնիսկ հեռավոր «ազգակցական» կապ չունի, այսպես կոչված, «տնտեսական հեղափոխության» հետ, ներկայիս իշխանությունները, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են ակտուալ պահել այդ թեման:

ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախնական քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ հաջորդ տարվա համար գործադիրը նախատեսել է 4,9 տոկոս տնտեսական աճ, իսկ 2019 թվականը կառավարությունն ակնկալում է փակել 6,3 տոկոս տնտեսական աճով:

Տնտեսական աճի այսպիսի ցուցանիշներ Հայաստանը բազմիցս ունեցել է, և համեմատության համար հարկ է նշել, որ 2017 թվականին, երբ Հայաստանում դեռևս իշխանափոխություն տեղի չէր ունեցել, գրանցվել է 7,5% տնտեսական աճ:

Փաստը մնում է փաստ, որ իշխանափոխությունից առաջ հնարավոր է եղել ավելի բարձր աճ արձանագրել, քան նոր իշխանությունների կողմից հռչակված «տնտեսական հեղափոխության» պայմաններում:

Տնտեսական զարգացումը ռեալ կյանքում տեսանելի դարձնելու համար մեզ առնվազն պետք է երկնիշ տնտեսական աճ:

Թերևս սրանով է պայմանավորված, որ հասարակ քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգում տնտեսական հեղափոխության դրական փոփոխությունները:

Քաղաքացիները կդժվարանան պատասխանել այն հարցին, թե ի համեմատություն իշխանափոխությանը նախորդող ժամանակաշրջանի՝ ինչով է իրենց սոցիալ-տնտեսական և ֆինանսական վիճակը բարելավվել:

Առավել ևս, եթե համարենք, նախկինի թալանն այլևս չկա, ինչի մասին անընդհատ խոսվել ու խոսվում է:

Քանի որ բնակչության մեծամասնությունը կառավարության վարած տնտեսական քաղաքականության արդյունքները գնահատում է ռեալ կյանքում տեղի ունեցող փոփոխություններով, ուստի մեծ վստահություն չի տածում ցուցանիշների նկատմամբ, որոնք, ինչպես ցույց է տալիս փորձը, շատ հաճախ ուռճացված բնույթ են կրում:

Սակայն իր քաղաքականությունը կառուցելիս կառավարությունն այս հանգամանքը հաշվի չի առնում:

Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով ժամանակ առ ժամանակ փորձում է իր նախընտրությամբ բնակչությանը վիճակագրական թվեր հրամցնել՝ ցույց տալու համար, թե՝ տեսե՛ք՝ երկրում զարգացում կա:

Ընդ որում՝ հաճախ «աննախադեպ». այս բառը շատ են սիրում մեր իշխանությունները:

Վարչապետի հերթական գրառումն էլ վերաբերում էր 2018 թվականի մայիսի համեմատությամբ մոտ 75 հազարի չափով աշխատատեղերի ավելացմանը, որը ֆանտաստիկ թիվ է Հայաստանի նման փոքր երկրի համար։

Մեկ անգամ չէ, որ մամուլում հրապարակումներ են եղել, թե կառավարությունը ստվերից դուրս եկած աշխատատեղերը ներկայացնում է որպես աշխատատեղերի ավելացում, և այդ ցուցանիշները չեն արտացոլում ռեալ աշխատատեղերի ավելացումը:

Իսկ որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ մեքենա ներկրողների գրանցումը որպես հարկատու կառավարությունը ներկայացնում է որպես աշխատատեղ:

Բացի այդ, եթե 75 հազարի չափով աշխատատեղերի ավելացում ունենայինք, այն իր արտացոլումը պիտի ստանար տնտեսության մեջ ներդրումների ներգրավման ու նոր ձեռնարկությունների, արտադրությունների բացման տեսքով, ինչը չկա:

Եթե Փաշինյանն իրոք ցանկանում է, որ իր ներկայացրած թվերը գոնե մի քիչ արժանահավատ թվան, ապա պետք է հանի վարդագույն ակնոցները ու անդրադառնա տնտեսության այն ճյուղերում առկա իրավիճակին, որտեղ կառավարությունն ակնհայտ դժվարություններ ունի:

Օրինակ՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության և գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել, և բնակչությանը հետաքրքրում է, թե կառավարությունը ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել իրավիճակն այս ոլորտներում շտկելու համար:

Եվ եթե իշխանափոխությունից մեկուկես տարի անց լուրջ տնտեսական զարգացում չկա, ապա դժվար կլինի ակնկալել, որ այն կլինի հաջորդ տարի, մանավանդ, ըստ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, ենթադրվում է, որ 2020 թվականի համար առաջարկվող նույնիսկ 4,9 տոկոս տնտեսական աճի ապահովման համար լրացուցիչ ջանքեր են հարկավոր:

Պատահական չէ, որ 2020 թվականի բյուջեի հիմքում լավատեսական մոտեցման փոխարեն դրված է պահպանողական կանխատեսումը: Բայց այս ամենի պատասխանը լավագույնս տվել է հենց Փաշինյանը. «... պատրաստվենք վատագույնին»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից