Վերլուծական 

Ըստ ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ցուցանիշի ՝ ՀՆԱ-ի 0.2 %, Հայաստանը զբաղեցնում է 86 տեղը

analitik.am

Հայաստանում գիտության հանդեպ տարվող քաղաքականությունը.

2010 թ.–ին ՀՀ կառավարության կողմից մշակվել էր գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն և մայիսի 27–ին ընդունել էր արձանագրային որոշում, որտեղ նշվում է հիմնարար գիտության կարևորագույն նշանակությունը և կրթության ողջ գործընթացում, և որպես հիմք կիրառական հետազոտությունները խթանման գործում, որը իր հերթին խթան է հանդիսանում տնտեսության զարգացման համար: Առանց հիմնարար գիտության չի ձևավորվում գիտական միջավայրը, որն ի զորու է իրականացնելու նոր տեխնոլոգիաների «տեղափոխումը» կիրառական հետազոտությունների հարթություն, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք մեզ տրամադրվեն ուրիշների կողմից: Նաև կառավարության որոշման մեջ ասվում է այն մասին, որ ըստ զարգացած երկրների փորձի՝ հիմնարար գիտության մեջ ներդրված միջոցները տասնապատիկ ետ են վերադարձվում, և նրանց զարգացման գործում վճռորոշ դերը պետք է պատկանի պետությանը, որովհետև գիտահետազոտական արդյունքների կիրառումը շատ հաճախ պահանջում է համեմատաբար երկար ժամանակ, դժվար է կանխատեսել դրանց շահութաբերությունը և, հետևաբար, տնտեսության մասնավոր ոլորտը ոչ միշտ է պատրաստ նմանատիպ ռիսկային ներդրումների:

Իսկ մինչ այդ՝ 05.12.2000թ.-ին ընդունվել է «Գիտական եվ գիտատեխնիկական գործունեության մաuին» ՀՀ օրենքը, համաձայն որի գիտության ֆինանսավորումը 2002 թ.-ից սկսված պետք է լիներ պետական բյուջեի տարեկան ծախսային մասի 3%-ից ոչ պակաս (ներկայումս 0,88%), սակայն՝ 14.12.2001 թ.-ին օրենքում փոփոխություն կատարվեց և ներկայումս «Գիտական եվ գիտատեխնիկական գործունեության մաuին» ՀՀ օրենքի հոդված 23-ի 2 կետում ասվում է հետևյալը՝ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ:….»:

Ստորև՝ առաջին աղյուսակում, ներկայացված են 2002թ.-ից ի վեր բյուջեի եկամտային մասը, բյուջեի եկամուտների աճի տեմպերը, պետական բյուջեի ծրագրով գիտության ֆինանսավորման չափը և նրա աճի տեմպերը, նաև ներկայացված են ըստ տարիների ԱՌՆՎԱԶՆ որքան գումար պետք է հատկացվեր բյուջեից գիտությանը ըստ գործող օրենքի պահանջի:

Ինչպես կարելի է նկատել, որոշ տարիներին բազմիցս եղել են օրենքով սահմանված շեմից պակաս ֆինանսավորում, սակայն՝ 2004թ.-ին, 2008-2009թթ.-ին, 2012թ.-ին և 2014թ.-ին շեղումները ուղղվել են դրանց հաջորդող տարիներին հավելյալ ֆինանսավորմամբ:

Նաև պետք է նշել, որ բյուջեի ծախսային մասում գիտության ֆինանսավորումը արվում է երկու դասակարգիչով՝ առաջինը՝ «1162. Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» և երկրորդը՝ «1119. Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագիր: Ըստ այդ երկու դասակարգչի ֆինանսների բաշխումը նշված է 3-րդ աղյուսակում, ինչպես նաև նշված են՝ ընդհանուր գիտության ֆինանսավորման չափը, աճի տեմպերը, նաև ըստ օրենքի պահանջի ՆՎԱԶԱԳՈՒՅՆ աճի տոկոսները:

2018թ.-ի ՀՀ բյուջեով ընդհանուր գիտության ֆինանսավորման ավելացում չեղավ (չնայած ըստ օրենքի պետք է լիներ ԱՌՆՎԱԶՆ 3,32 % ավելացում), սակայն տեղի ունեցավ վերաբաշխում՝ 6,27 %-ով պակասեցվեց գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի ֆինանսավորումը և դրա հաշվին ավելացվեց պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների ֆինանսավորումը:

Այնուհետև՝ արդեն իսկ նոր կառավարության կողմից մշակվեց և ընդունվեց 2019թ.-ի բյուջեի նախագիծը, որտեղ չգիտես ինչու որոշեցին գիտության ֆինանսավորման տողերում գումարների մեջ ներառել նաև ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) (որը նախորդ տարիներին չէր արվել երբևէ), և նշեցին երկու դասակարգիչները միասին 17,27 մլրդ. դրամ գումար: Սակայն՝ երբ այդ թվից հանում ենք ԱԱՀ-ը ստացվում է 14,39 մլրդ. դրամ (աղյուսակներում նշված են հենց այդ թվերը), և փաստացի 2019թ.-ին գիտության ֆինանսավորման ավելացում ևս տեղի չունեցավ (չնայած ըստ օրենքի պետք է լիներ ԱՌՆՎԱԶՆ 8,12 % ավելացում): Կառավարության կողմից գիտությանը ունեցած «պարտքը» փաստացի ավելի մեծացավ:
Ներկայումս՝ 2020 թ.-ի բյուջեի նախագծով նախատեսվում է ըստ 1162 դասակարգիչի գիտությանը տրամադրել 12,7 մլրդ. դրամ, ՈՐԸ ՓԱՍՏԱՑԻ ՆՈՒՅՆ Է ԻՆՉ 2016 և 2017 ԹԹ-ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, իսկ ըստ 1119 դասակարգիչի՝ 3,85 մլրդ. դրամ, սակայն այստեղ առկա ավելացումը բավարար չէ նախորդ տարիներին տեղի ունեցած ֆինանսավորման բացասական շեղումը ուղղելու համար:

Դա անելու համար գիտության ընդհանուր ֆինանսավորումը 2020 թ-ին պետք է լինի ԱՌՆՎԱԶՆ 17,89 մլրդ. դրամ:

Իսկ ինչ վերաբերում է գիտության տրված արդյունքներին, ապա հարկ է նշել, որ ըստ Global Innovation Index 2019 թ.-ի զեկույցում Հայաստանը գրավում է 50 տեղը (129 երկրների շարքում) Innovation Output Sub-Index rankings բաժնում, որը ըստ զեկույցում նշված բացատրության իրենից ներկայացնում է տնտեսության մեջ նորարարական գործունեության ունեցած արդյունքները:

Նաև Global Innovation Index 2019 թ-ի զեկույցում կա 2 ցուցանիշ, որոնք ցույց են տալիս գիտության գործունեությունից ստացված արդյունքները: Դա hրապարակված գիտական եւ տեխնիկական հոդվածների քանակն է՝ “Scientific & technical articles/bn PPP$ GDP”, և այդ հոդվածների վրա հղումների H-ինդեկսը “Citable documents H index”: Հայաստանը այդ տողերով զբաղեցնում է համապատասխանաբար՝ 13–րդ և 69-րդ տեղերը 129 երկրների շարքում: Կարծում եմ պետք է հստակ ֆիքսել, որ այս ցուցանիշները բավական լավ արդյունք են իրենցից ներկայացնում:

Իսկ ահա ըստ ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ցուցանիշի ՝ ՀՆԱ-ի 0.2 %, Հայաստանը ըստ նույն զեկույցի հրապարակված տվյալների զբաղեցնում է 86 տեղը (2017թ-ի համեմատ նահանջելով 3 հորիզոնականով). հարևվանությամբ այնպիսի երկրների ինչպիսիք են` Պակիստանը, Բուրկինա Ֆասոն և Օմանը:

Հղումը՝ https://www.wipo.int/edo…/pubdocs/…/wipo_pub_gii_2019/am.pdf

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների
թեկնածու ՝ Տիգրան Քոթանջյան

 

Նույն շարքից