Հարցազրույց 

Եթե զինվորին չդրդեն, նա երբեք ինքնասպանության չի գնա. Մարգարիտա Խաչատրյան

Analitik.am-ի հարցերին պատասխանում է «Զինվոր համակարգող» խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

 

- Տիկի՛ն Խաչատրյան, խնդրում եմ գնահատական տալ Գյումրիի դեպքերին, որպես հայ մայր, կին ի՞նչ զգացողություններ ապրեցիք այդ օրերին:  

 

- Այդ հարցի վերաբերյալ ես ունեմ իմ կարծիքը նախ՝ որպես հայ մայր, երկրորդը՝ որպես զինվոր համակարգող խորհրդի նախագահ  և երրորդ՝ որպես հոգեբան: Միայն մի բան կասեմ՝ մարդասպանը պետք է ստանա իր արժանի պատիժը: Նրա ամենամեծ և արժանագույն  պատիժը պետք է լինի ցմահ բանտարկությունը և գնդակահարությունը, նա արևի երես չպետք  է տեսնի: Ես իմ ցավակցությունն եմ հղում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին…զգացողություններն աննկարագրելի են, հատկապես, երբ ամեն ինչ այսպես ողբերգական ավարտ ունեցավ : Ես ուզում եմ նշել, որ Սերյոժայի նման երեխայի հետևից կանգնած է մեր հայ ժողովուրդը :

 

- Հանցագործին հայ իրավապահների դատին հանձնելու հայ հասարակության պահանջը որքանո՞վ է արդարացի:

 

- Մենք գիտենք, որ քննչական մարմինը՝ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, կցուցաբերի լիարժեք քննություն, և այդ առումով, կարծում եմ, բացթողումներ չեն լինի: Մենք, սակայն, մտահոգվելու տեղ ունենք: Այն,  որ մեր եղբայրական երկրի՝ Ռուսաստանի հետ թշնամանք է հասունանում՝ լավ չէ,  այդպես չպետք է լինի: Չի կարելի մեկ անձով որակավորել ռուս ազգին, դրա իրավունքը մենք չունենք: Մենք միասնաբար, Ռուսաստանի քննչական մարմիների հետ համատեղ ուժերով պետք է քննություն անցկացնենք…

 

- Դուք հաճախ եք լինում զորմասերում: Այսօր ի՞նչ խնդիրներ կան այնտեղ կամ դրանցից որո՞նք են հրատապ լուծում պահանջում:

 

- Միայն կարող եմ ասել, որ տարին հաջող փակեցինք, սոցիալական և ամենակարևոր խնդիրները լուծված են: Այն, որ սահմանում ցանկացած ոտնձգության դեպքում մեր տղաները կանգնած են և պատրաստակամ, դա արդեն հաջողություն է: Մենք երբևիցե խուճապի չենք մատնվել և բարոյահոգեբանական վիճակը բանակում բարելավված է: Հպարտությամբ կարող եմ ասել, որ հանցագործությունների թիվը ևս նվազել է:

 

- Ի՞նչ հաճախականությամբ եք զորամասեր այցելում:

 

- Տասը օրվա կտրվածքով մենք գրեթե այցելում ենք բոլոր զորամասեր: Զենքի կանոնների խախտումը զենքին չտիրապետելու հետ է կապված: Առաջընթաց է, երբ այսօր մեր զինվորը պատրաստ է  հակառակորդին հակահարված տալուն:

 

- Զինվորների ո՞ր իարվունքներն են ավելի հաճախ խախտվում: Հելսինկյան գրասենյակը շատ հաճախ  ահազանգում է նման դեպքերի մասին:

 

- Յուրաքանչյուր հասարակական կառույց կատարում է իր աշխատանքները:Ես ոչ մեկին չեմ փնովում, կարող են՝ թող աջակցեն: Լինում են նաև այդպիսի դեպքեր, իհարկե: Դա հիմնակնում այն դեպքն է, երբ, ասենք, 18 տարեկան երեխա ունեցող ծնողը տեղյակ չէ, որ իր որդին տառապում է ինչ-որ հիվանդությամբ:  Գալիս է զորակոչվելու ժամանակը և հետազոտման արդյունքում պարզվում է, որ սրտի պրոբլեմ ունի և այդ կարգի առողջական այլ խնդիրներ: Այդ տղաներին տարկետում է տրվում:Երբ երեք տարի տարկետում ստացած զինվորի մորը հարցնում ես՝ ինչո՞ւ տղայիդ չես պառկեցրել հիվանդանոց , ասում է՝ ես սպասում էի, որ զինկոմիսարիատը հետազոտություն անցկացներ: Շատ անգամ լինում են նաև առողջական խնդիրներ, բայց դրանք այնքան լուրջ չեն: Նման դեպքերում մենք հանդիպում ենք ծնողներին, լսում նրանց խնդիրները  և հարցին տալիս լուծում:  Ծնողը հասկանում է, որ  իր տղան թեև ունի խնդիր, բայց զորակոչի պիտանի է և ուղարկում ենք բանակ:

 

- Քաղաքացիներից ստացված բողոքներն ի՞նչ բնույթի են:

 

- Հոսպիտալացման խնդիր, արձակուրդների խնդիր, լինում են մահվան դեպքեր, երբ հեռագրերը տեղ չի հասնում…Մեր կազմակերպությունը  որդեգրել է մի աշխատելաոճ, երբ կոնկրետ ծնողը դիմում է մեզ և համակրգող խորհուրդն այդ  ծնողի ներկայությամբ անմիջապես կապվում է տվյալ զորամասի ղեկավարության հետ և հարցին լուծում տալիս: Կապվելով նրանց հետ՝ ծնողի կողմից բարձրացված խնդիրն ուղարկում ենք հետազոտման՝ արդյոք այս ծնողը ճի՞շտ է, զինվորը ո՞ւնի այս խնդիրը, թե ոչ: Ներկայացնում ենք նաև միջնորդագրեր և փորձում լուծել ցանկացած հարց:

 

 

- Բանակում տիրող բռնությունները, սպանություններն ինչի՞ հետևանք են:

 

- Միմյանց նկատմամբ ներողամտության, անհունդուրժողականության  բացակայության հետևան է դա: Եթե ուզում ենք բանակի բարոյահոգեբանական վիճակը գերազանց վիճակում լինի, մենք պետք է երեխայի հետ աշխատանքը տանենք մսուր-մանկապարտեզից, դպրոցից, ուսումնական հաստատություններից,  փողոցի արատավոր բարքերը թույլ չտանք թափանցի բանակի պատերից ներս: Եթե մենք կարողանանք մի քանի դեպքեր կրճատել, մենք առաջընթաց կունենք բանակում, մեծ հաղթանակ կունենաքն այս ոլորտում: Այդ դեպքերը, եթե 1998-ի հետ ենք համեմատում, այսօր մեծ հաղթանակ ենք արձանագրել:

 

- Հոգեբանի դերը միթե՞ մեծ չէ բանակում. Զորամասերում, այսօր, կարելի է ասել, հոգեբան  չունենք:

 

- Հոգեբան հասկացողությունը միայն աթոռ գրավելու հասկացողություն չէ: Եթե հոգեբան՝ ուրեմն պետք է նա լինի զորամասից և լինի զինվորի հետ, սպայի հետ, իսկ եթե միայն հաստիքի ձևակերպում է դա, ապա իմաստ չունի:

Հոգեբանի խնդիր ունենք, բայց բանակում աշխատելու ցանկություն՝ շատ քիչ :

Բանակում հոգեբան աշխատելու համար և, առհասարակ, բանակ  մտնելու համար նախևառաջ պետք է, որ այդ համազգեստավորը հոգեբան լինի, հետո՝ մայր: Թեպետ պետք է հասնենք նրան, որ այդ հաստիքը մեզ համար հասանելի լինի:

 

- Տիկի՛ն Մարգարիտա , բանակը անշուշտ նաև բացթողումներ ունի, կցանկանայի իմանալ որո՞նք են դրանք:

 

- Ինչպես ասացի ամենացավոտը միմյանց նկատմամբ ներողամտության և  հանդուրժողականության բացակայությունն է:

 

- Այսինքն՝ խնդիրը միայն զինվորների մե՞ջ է:

 

-Այո…Ինձ համար սպան նույնպես զինծառայող է, զինվոր է, ի՞նչ տարբերություն: Եթե կարողանաք մի փոքր ներողամիտ լինել, գուցե ցավալի միջադեպեր չլինեն:

 

- Ո՞րն է ձեր մատնանշած ճիշտ ուղին, որպեսզի բանակում զոհերը թիվը պակասեն:

 

- Դա ծնողներից է գալիս: Նրանք էլ իրենց մեղքի բաժինն ունեն. բանակ ուղարկելիս ասում են՝ չկոտրվես, քեզ կխփեն՝ դու էլ խփիր…մայրը պետք է իր զավակին սովորեցնի հանդուրժող և ներողամիտ լինել: Նորակոչիկը պետք է հասկանա, որ բանակը մի մեծ ընտանիք է, որտեղ տարբեր բնավորության  ու խառնվածքի տղաներ կան, և պետք է մի կողմ թողնի ըմբոստի իր կեցվածքը:

 

- Իսկ ինչո՞ւմն է գաղտնիքը, որ հենց սոցիալապես անպահով ընտանիքների երեխաներն են տուժողի դերում հայտնվում: Դա մի փոքր կասկածելի է, այնպես չէ՞:

 

- Զոհված զինվորների մեծ մասը դաստիարակված երեխաներ են, և ոչ ոք չի կարող ցույց տալ մեկին և ասել, որ նա անդաստիարակ է: Բոլոր զոհվածները լավ երեխաներ են: Նրանց հետ միասին բանակ են զորակչվում և՛ մարմնավաճառի տղան, և՛ բերդում տարիներ անցկացրած, հանցագործ ոմն մեկի տղան ու սկսում են թելադրել իրենց պահանջները : Կարևորը՝  բանակում ունենք առաջընթաց և  դա ոչ ոք ժխտել չի կարող: Եթե զինվորին չդրդեն, նա երբեք ինքնասպանության չի գնա:

 

Հարցազրույցը վարեց Հասմիկ Մովսիսյանը

Նույն շարքից