2015 թվականի սկիզբը շատ լարված էր հայ-ադրբեջանական շփման գծում գտնվող հայ զինվորի համար: Այսօր, սահմանից ստացվող լուրերն այնքան էլ հուսադրող չեն. յուրաքանչյուր օր՝ նոր դիվերսիա, նոր զոհ կամ վիրավոր:
Արդյոք ինչի՞ հետ է կապված հենց տարեսկզբից սահմանին տիրող այս լարված իրավիճակը, Ադրբեջանի կողմից նման ակտիվությունն ի՞նչ պատճառներ կարող է ունենալ, կարելի՞ է արդյոք դա կապել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ : Այս և այլ հարցերի շուրջ analitik.am-ը զրուցել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:
- Պարոն Մինասյան, սահմանին՝ Ադրբեջանի կողմից աննախադեպ ոտնձգություններն ինչի՞ հետևանք են: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նրա այս պահվածքն ու ակտիվությունն ի՞նչ է արդյոք նշանակում:
- Իմ կարծիքով, այստեղ մի քանի գործոն կա՝ սկսած այն իրադարձություններից, ինչ տեղի ունեցան Գյումրիում, ինչպես նաև հակառուսական ելույթները, որոնք, կարծում եմ, կարող էին այլ ձևով մեկնաբանվել և հասկացվել Բաքվում: Մյուս կողմից, բացի նշածս այս հանգամանքները, վերջին ամիսներին լարվածությունը շփման գծում, անկախ ամեն ինչից, պահպանվում է: Չեմ բացառում նաև հունվարյան դեպքերը, որոնք Ադրբեջանում միշտ բավականին նյարդայնորեն են նշվում: Չմոռանանք՝ նավթի գների անկման հետ կապված, այնտեղ լարված է նաև սոցիալ-տնտեսական իրավիճակը : Դա նույնպես կարող է պատճառ լինել, որ Ադրբեջանի աշխարհաքաղաքական ղեկավարությունը հակված լինի պահպանել կամ ուժեղացնել լարվածությունը:
- Հայկական կողմը գրեթե ամեն օր զոհ կամ վիրավոր է տալիս, ի՞նչ պետք է անել՝ խուսափելու համար նման դեպքերից:
- Ես չեմ կարծում, որ կիսառազմական գործողություններ են տեղի ունենում սահմանի երկայնքով: Ընդհանրապես, հնարավոր է խուսափել որևէ նման դեպքերից: Այլ բան է, որ հայկական կողմը պետք է փորձի ինչ-որ համապատասխան պտասխան-քայլեր անել, միգուցե այն իմաստով, որ ստիպի ադրբեջանական կողմին իր սեփական կորուստների գնով դադարեցնել այդ սադրանքները :
- Իսկ պաշտպանական միջոցներ հնարավոր չէ՞ կիրառել:
- Տեղանքի դիրքերն այնպիսին են, որ չափազանց դժվարեցնում է պաշտպանական միջոցների դիմել. խրամատներ կան, բայց միևնույն է, դա լիովին չի բավարարում:
- Միջազգային հանրությունն ինչո՞ւ է լռում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ադրբեջանն իր գործողությունների պատշաճ գնահատականը չի ստանում:
- Եթե միջազգային հանրությունը այս կամ այն պատճառով թվում է, թե չի ներգրավվում, լինի դա Սիրիայում, Լիբիայում կամ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերն, որտեղ ամեն օր տասնյակ մարդիկ են զոհվում , ապա մեր պարագայում դա առավել քան հասկանալի է , որովհետև դժվար թե որևէ արձագանք լինի նրանից, քանի դեռ չեն սկսվել լայնամասշտաբ և ավելի ակտիվ գործողություններ Լեռնային Ղարաբաղում:
Հիշեցնենք՝ հունվարի 1-ից ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակում է զենքի տարբեր տեսակներով՝ այդ թվում՝ նռնականետերով և ականանետերով, ինչի արդյունքում հայկական կողմը ունի զոհեր:
Հասմիկ Մովսիսյան