Հարցազրույց 

Ուրիշ ելք չուներ, մուլտիպլիկատոր պիտի դառնար

analitik.am

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանց

 

Մանկության տարիներին Դավիթ Սահակյանցի միակ երազանքը ֆուտբոլիստ դառնալն էր: Բայց երազանքի իրականացումը սահմանափակվում էր միայն բակում խաղալով: Տղաներով չեմպիոնատներ էին կազմակերպում այլ բակերի երեխաների հետ: Ֆուտբոլի չէր գնում, բայց ապրում էր բուռն ֆուտբոլային կյանքով:

 

- Խաղում էինք գրեթե բոլոր բակերի երեխաների հետ, ինչքան բակ կար, «տաբլիցաներ» էինք գծում:

 

Նա ընտանիքի երկրորդ երեխան էր: Իրենից իննը տարով փոքր եղբորը շատ էր ճնշում: Այդ ժամանակ դա չէր էլ զգում, հիմա կատակով հիշեցնում են: Մի անգամ էլ որոշեց եղբոր մազերը կտրել:
- Մազերը շատ էին երկարել, ես բնականաբար մազ կտրել չգիտեի, բայց որոշեցի լավություն անել եղբորս ու խայտառակ մի բան սարքեցի նրա գլխին:

 

Քույրն իրենից երկու տարի էր մեծ, այ նրա հետ մշտապես իսկական տուրուդմփոցի մեջ էր Դավիթ սահակյանցը:

 

- Մենք էլ ենք շատ-շատ-շատ կռվել, բարձերով, սենյակում, հատուկ ինչ-որ զզվելի բաներ անում, ցանկացած երեխայի պես:

 

Ծնողները երեխաներին թույլ էին տալիս ներկա լինել գրեթե բոլոր խոսակցություններին, նրանք կարող էին անգամ իրենց տեսակետն ու կարծիքները հայտնել, որը մեծ հետք թողեց երեխաների կյանքում:

 

- Չէին վերաբերվում որպես փոքր երեխա, որը եկավ, հեսա կսկսի խանգարել: Ոչ:

 

Ապագա մուլտիպլիկատորն առաջին անգամ սիրահարվեց մանկապարտեզում: Լիլիթ էր աղջկա անունը:

 

-Մենք քնած էինք տարբեր մահճակալների, բայց իրար դեմ դիմաց, ու այդ ծածկոցը բարձրացնելով նայում էինք իրար աչքերի, երեւի դրանով եզրափակվում էր ամբեղջ սերը:

 

Դավիթ Սահակյանցի մուլտիպլիկատոր դառնալու նախահիմքը դրվեց հենց մանկությունից: Վեց տարեկանից հաճախում էր էսթետիկայի կենտրոն, նկարել էր սովորում, բացի այդ հայրն էլ տանն էր նկարում, այդ ամենը նրա աչքի առաջ էր:

 

- Երբեք չէի սպասում, որ կսկսեմ մուլտով զբաղվել: Ու այնպես ստացվեց, որ ուղղակի երեւի ուրիշ ելք չունեի, մի օր պիտի գայի: Ու այդ օրը եկավ:

 

Տասնյոթ տարեկանից սկսեց աշխատել հոր մոտ: Սկզբում նրան թվում էր, թե պարզապես նկարում է ու վերջ:

 

- Ապագա կինս ընդունվեց հորս մոտ աշխատանքի, ես իրեն նկատեցի, սկսեցի ավելի հաճախ գալ ստուդիա, իսկ հենց այնպես գալ ստուդիա ու ոչինչ չանել՝ բնականաբար չէի կարող ինձ թույլ տալ, ստիպված սկսեցի աշխատել ու այդպես մինչ այսօր:

 

Դավիթ Սահակյանցը բուռն ու լեցուն մանկություն է ապրել, շատ ու գեղեցիկ հուշեր ունի: Հիմա էլ նրա մեջ դեռ ապրում է փոքրիկ Դավիթը, եւ մասնագիտությունը, եւ ապրելակերպը դա թույլ են տալիս:

 

 

Զանի Հարոյան

Նույն շարքից