Հարցազրույց 

Ռադիոն ինձ տվեց հնարավորություն ամուր կանգնել հայրենի հողի վրա ու չհեռանալ այստեղից. Գոռ Գլումով

analitik.am

Ռադիոսիրողներից շատերը գիտեն, թե իրենց կողմից սիրված ռադիոհաղորդավար Գոռ Գլումովն ինչպե՞ս է սկսել աշխատել ռադիոյում, և ի՞նչ տեղ ունի ռադիոն նրա կյանքում, բայց բոլոր նրանք, ովքեր դեռ չգիտեն, ապա  analitik.am -ի այս հարցազրույցը հենց ձեր համար է:

 

 

 -Գոռ շնորհավորում ենք ռադիոյի օրվա կապակցությամբ, կպատմե՞ք ինչպես սկսեցիք աշխատել ռադիոյում:

 

-Շնորհակալ եմ: Ռադիո իմ մուտքի մասին արդեն բազմիցս պատմել եմ: Դա եղել է 2000 թվականի վերջին, երբ ես նոր էի ամուսնացել և, ինչպես շատ նորաստեղծ ընտանիքներ,  մենք ապրում էինք վարձով: Մեր բնակարանում հավաքվում էին մեր ընկերները և հերթական անգամ, երբ նրանք մեր տանն էին, խոսակցություն բացվեց հայկական ռադիոյի մասին: Կնոջս ընկերուհին՝ Մարիշա Շաբանովան, այդ ժամանակ աշխատում էր «RadioVan»-ում, և ես ասացի նրան ու բոլորին , որ ինձ «RadioVan»-ը դուր չի գալիս: Բայց ամենակարևորն այն է, որ այնքան գինովցած էի, որ ոչ այնքան քաղաքավարի էի արտահայտվել: Հաջորդ առավոտյան կինս նեղացած ասաց, որ եթե այդքան խիզախ եմ, ապա գնամ ու հենց այդ ռադիակայանում անեմ իմ նախորդ օրվա «հայտարարությունները»: Ես գնացի ռադիո, մտա Շուշանիկ Արևշատյանի մոտ ու ասացի, որ իր ռադիոն ինձ դուր չի գալիս: Շուշանիկն էլ հարցրեց, թե ես ի՞նչ եմ առաջարկում: Այդ ժամանակ ես աշխատում էի բանակում որպես սպա և ասացի,որ ոչինչ չեմ կարող առաջարկել:

 

-Իսկ հետո ինչպե՞ս եղավ համագործակցությունը:

-Շուշանիկն ասաց, որ  գրեմ իմ մտքերն ու գաղափարները ու ներկայացնեմ: Անցավ ժամանակ և ես արդեն մի քանի բան գրած եկա ռադիո: Արդեն 2001 թվականի փետրվար ամսին սկսեցի համագործակցել: Արդեն մարտի 8-ի եթերը կառուցեցին իմ ներկայացրած  նախագծի համաձայն: Հենց այդ ժամանակ էլ Շուշանիկն առաջարկեց ինձ բանակից դուրս գալ և վերջնական տեղափոխվել ռադիո՝ որպես ծրագրերի տնօրեն:

 

-Իսկ ի՞նչ տվեց ռադիոն Ձեզ և ի՞նչ տվեցիք Դուք ռադիոյին այս տարիների ընթացքում:


-Ինչ տվեցի ես ռադիոյին. այս հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ: Իսկ ռադիոն ինձ տվեց ամեն ինչ: Ռադիոն տվեց ինձ երջանկություն թե՛անձնականում, թե՛ գործնականում: Ռադիոն տվեց ինձ հնարավորություն ամուր կանգնել հայրենի հողի վրա ու չհեռանալ այստեղից: Հենց ռադիոն այնպես արեց, որ ես ոչ միայն չգնամ երկրից անգամ չուզենամ գնալ:

 

Արմին Բրսոյան

Նույն շարքից