Հարցազրույց 

Ռադիոն ճակատագրական դարձավ ինձ համար. Լուսինե Բադալյան

analitik.am

Ռադիոյի միջազգային օրվա կապակցությամբ analitik.am  -ը զրուցեց  սիրված ռադիոհեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանի հետ:

 

-Ռադիոն ինչպե՞ս ներխուժեց Ձեր կյանք:


 -Ես դեռ մանկուց երազում էի այդ մասին: Գիտակցական տարիքում հենց առաջին անգամ լսեցի ռադիո,  երազեցի հայտնվել այնտեղ: Միշտ լսում էի ռադիո, շատ էի սիրում երաժշտութուն, ինձ համար բացահայտում էի երաժշտության տեսակները, խոսքի ոճերը: Ունեի իմ սիրելի հաղորդավարները, որոնց կարգի հաղորդավար ուզում էի դառնալ: Մի անգամ զանգահարեցի իմ ամենասիրելի ռադիոկայան ու հարցրեցի, թե իրենց մոտ աշխատելու համար ի՞նչ է հարկավոր: Ասացին, որ առաջին հերթին հարկավոր է բարձրագույն կրթություն: Եվ ես  ընդունվեցի ԲՈւՀ, բայց իմ առաջնային նպատակը ռադիոն էր: Ռադիոյում աշխատելու համար ես իմ ուժերից եկողն արեցի, իսկ մնացածն արդեն կյանքն արեց:

 

- Մի հարց, որն այսօր հղել եմ նաև այլ ռադիոհաղորդավարների՝  ի՞նչ տվեց ռադիոն Ձեզ, և Դուք ի՞նչ տվեցիք ռադիոյին:

-Ռադիոն ինձ տվեց իմ երազած կյանքը, իմ մանկության երազանքը: Ռադիոյից հետո նկատեցին իմ ձայնը, նկատեցին ինձ և տարան հեռուստատեսություն: Հեռուստատեսությունն ու ռադիոն փոխեցին իմ կյանքը: Ես չեմ կարող ասել, թե ինչ եմ տվել ռադիոյին. ես ինձ եմ նվիրել ռադիոյին: Որևէ  հեղափոխություն չեմ արել: Թեպետ կողքից կարող է նկատելի է ավելի, բայց ես չեմ կարող ասել, թե ինչ եմ տվել:

 

-Երկար տարիներ է արդեն աշխատում եք, կա՞ մեկ օր, որը շատ է տպավորվել և կառանձնացնեք:

 

-Շատ բարդ հարց տվեցիք իրականում, քանի որ ես այնպես եմ ամբողջությամբ նվիրված ռադիոյին, որ ամեն օրն եմ վայելում: Յուրաքանչյուր վայրկյանն է առանձնահատուկ, և յուրաքանչյուր ռադիոլսող ամեն օր ապացուցում է քո աշխատանքի արդյունավետությունը:  Այս երկար տարիներից օրեր առանձնացնելը դժվար է: Սակայն, շատ առանձնահատուկ պահեր, կարևոր իրադարձույթյուններ կան իմ կյանքում, որոնք կապված են ռադիոյի հետ: Իմ կյանքում կան ճակատագրական  դեր ունեցող մարդիկ, ում առաջին անգամ հանդիպել եմ հենց ռադիում: Իմ լավագույն ըներներին էլ ես հանդիպել եմ ռադիոյում: Ռադիոն ճակատագրական դարձավ ինձ համար:

 

Արմինե Բրսոյան

Նույն շարքից