Հարցազրույց 

Անհրաժեշտ է ստեղծել ԵՄ-Հայաստան նոր տիպի Ասոցացման համաձայնագիր. Հայաստանի եվրոպացի բարեկամներ ՀԿ նախագահ

analitik.am

Եվրամիության հետ նոր տիպի Ասոցացման համաձայնագիրն անհրաժեշտություն է Հայաստանի համար: Այդ նոր համաձայնագիրը պետք է համապատասխանի Հայաստանի նոր միջազգային պարտավորություններին և միաժամանակ կընդգրկի համագործակցության լայն շրջանակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան ներկայացրել է նոր տիպի Ասոցացման համաձայնագրի մանրամասներն ու նաև տեսակետ հայտնել ՀՀ-ԵՄ և ԼՂՀ-ԵՄ հարաբերությունների մասին:


- Պարոն Օչոա, Դուք մի քանի տարի աշխատել եք Հայաստանում որպես ՀՀ վարչապետի և Ազգային ժողովի խոսնակի ավագ խորհրդատու, նաև որպես դասախոս: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք Հայաստանից՝ թե մասնագիտական, թե անձնական փորձառության առումով:


- Մասնագիտական տեսանկյունից այս տարիները շատ հարուստ փորձ տվեցին. ես կարող էի մի գիրք գրել այդ մասին: Սակայն պետք է ընդգծեմ այն, որ թեև Հայաստանն ունի սահմանափակ ադմինիստրատիվ հնարավորություններ, և Ազգային ժողովը, և կառավարությունը հսկայական ջանք են գործադրել, որպեսզի համապատասխանեն ԵՄ չափանիշներին ամենաբարձր մակարդակով՝ և քաղաքական, և ինստիտուցիոնալ առումներով, ինչը ակնհայտ օգուտ է բերել նախ և առաջ Հայաստանին, ապա նաև ԵՄ-ին:

Անձնական առումով ես կընդգծեի պատասխանատվության այն մեծ աստիճանը, որ վստահված էր ինձ, ինչպես նաև փոխադարձ վստահությունը, որը ձևավորվել էր տարիների ընթացքում, ինչն էլ մեր նպատակներին հասնելու գրավականն էր: Ինչ վերաբերում է դասախոսություններին, որ ես կարդում էի ԵՊՀ-ի դիվանագիտական ակադեմիայի համար և NDI-ի կազմակերպած առաջնորդության դասընթացների ժամանակ, ապա պետք է ասեմ, որ բոլոր ուսանողներն ունեին շատ մեծ հետաքրքրություն ԵՄ-ի հանդեպ:



–Դուք վերջերս ստանձնել եք Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) հասարակական կազմակերպության նախագահությունը: Ի՞նչ առաջիկա նպատակներ և ծրագրեր ունի ՀԿ-ն իր օրակարգում:


-Մեր նպատակն է Հայաստանը պահել ԵՄ-ի օրակարգում: Հաշվի առնելով այն, որ Եվրոպական խորհրդարանի կազմը թարմացվել է, և որ շուտով Եվրոպական հանձնաժողովը նույնպես կհամալրվի նոր գործիչներով, մենք մեծ ջանքեր պետք է գործադրենք Հայաստանի Հանրապետության իրականությունը նորընտիր պաշտոնյաներին ներկայացնելու համար, եթե մենք ցանկանում ենք ուժեղացնել մեր կապերը: Սա ենթադրում է բազմաթիվ երկկողմ հանդիպումների, կոնֆերանսների, տարածաշրջանում ճանաչողական այցերի կազմակերպում, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության շուրջ մի շարք համառոտ հոդվածների պա տրաստում. մի խոսքով պետք է Բրյուսելում դասավանդենք Հայաստանի մասին:


- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագան:

- Տեսնելով, թե ինչ ձեռքբերումներ կան, կարող եմ ասել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները շատ լավն են: Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի կնքումը, Հայաստանի հասանելի լինելը ԵՄ ծրագրերին խոսում է Հայաստան-ԵՄ համատեղելիության երբևէ եղած բարձր մակարդակի մասին, հաշվի առնելով, որ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բոլոր բանակցություններն արդեն ավարտվել են: Հաշվի առնելով Հայաստանի նոր միջազգային պարտավորությունները, մենք կրկին սահմանում ենք հարաբերությունների շրջանակը: Այդ առումով ես կցանկանայի ընդգծել ԵԽ մի շարք ներկայացուցիչների և ԵՄ առանցքային անդամ պետությունների ղեկավարների, ինչպես օրինակ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունները, որոնք շեշտում էին Հայաստանի հետ ասոցացման նոր համաձայնագրի անհրաժեշտությունը, այն տեսքով, որը կհամապատասխանի Հայաստանի միջազգային պարտավորություններին: Բացի այդ, հաշվի առնելով հանգամանքը, որ Եվրոպայի խորհրդարանում ընտրությունները նոր են ավարտվել և Եվրահանձնաժողովը կհամալրվի նոր գործիչներով հոկտեմբերին, ապա ես հույս ունեմ, որ կողմերը կգան կոնկրետ առաջարկությունների մինչև տարեվերջ:


- «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի կողմից վերջերս հրապարակված հետազոտությունը խոսում է ԵՄ-Հայաստան Ասոցացման նոր համաձայնագրի («Պարզեցված ԱՀ» կամ «ԳՀՀ պլյուս» ) կարիքի մասին: Եթե այսպիսի փաստաթուղթն ընդունվի, ապա ինչո՞վ այն կտարբերվի մի կողմից ներկայում գործող ձևաչափից, և մյուս կողմից ամբողջական Ասոցացման համաձայնագրից: Որո՞նք են Ձեր խորհուրդներն այս առումով:


-Ներկայումս ԵՄ-Հայաստան համագործակցության մեծ մասն ուղղակիորեն չի առնչվում առևտրի հետ, հետևաբար ակնհայտ է, որ բավականաչափ դաշտ կա համագործակցության բարձր մակարդակ ապահովելու համար, եթե իհարկե լինի ուժեղ քաղաքական կամք դրա համար:
Ինչ վերաբերում է այսպիսի համագործակցության բովանդակությանը, ինչպես երկու կողմերը նշեցին Վիլնյուսում, հիմնական առանցքը պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների և դատական համակարգի զարգացումը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարումը, կաշառակերության դեմ պայքարը և քաղաքացիական հասարակության ուժեղացումը: Ավելի ստույգ այն կարող է ընդգրկել այն չորս բաժիններից երեքը (բոլորը բացի խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուց), որոնք ՀՀ-ն և ԵՄ-ն կնքել էին 2013թ. հուլիսին, այն է՝

- արտաքին ու անվտանգության քաղաքականություն

- արդարադատություն և ներքին գործեր

- մի շարք խնդիրներ, այդ թվում շրջակա միջավայրին, գիտությանը, տրանսպորտին և կրթությանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, այս նոր Ասոցացման համաձայնագիրն իրենից կներկայացնի համապարփակ համաձայնագիր, որը կներառի համագործակցության ներկայիս լայն շրջանակը քաղաքական և տնտեսական ոլորտներում և էլ ավելի կզարգացնի այս ոլորտները: ԵՄ-Հայաստան հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար այն պետք է լինի ավելի ընդլայնված և խորը, քան ներկայիս Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն է (PCA): Այն պետք է ընդգրկի ավելի մեծ հանձնառություն ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, շուկայական տնտեսության և կայուն զարգացման շուրջ ինստիտուցիոնալ երկխոսության հանդեպ: Նոր համաձայնագիրը կարող է նաև զարգացնել համագործակցությունը արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում՝ մասնավորապես շեշտը դնելով տարածաշրջանային խնդիրների, զենքի չտարածման և զինաթափման հարցերի վրա: Տնտեսական ոլորտում՝ բիզնեսին և ներդրողական դաշտին, ֆինանսներին, միկրոտնտեսական կայունությանն ու աշխատատեղերին, սոցիալական ոլորտին, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերը նույնպես կարող են այդ փաստաթղթի մաս կազմել: Փաստաթղթում հարկ է նաև ընդգրկել առանձին ճյուղեր, ինչպիսիք են տրանսպորտը, ավիացիան, շրջակա միջավայրը, առողջապահությունը, գիտությունն ու տեխնոլոգիան, կրթությունը, մշակույթը և մամուլը: Պետք է նաև ուժեղացվեն մարդկանց միջև շփումները, այդ թվում դպրոցների, ուսանողների և հետազոտողների համար փոխանակման և համագործակցության ծրագրերի քանակի ավելացման միջոցով: Ինչ վերաբերում է առևտրի ոլորտին, չնայած այն բանին, որ ՀՀ-ն պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, այնուամենայնիվ, դեռ կարող են ԵՄ-ի ետ համագործակցության հնարավորություններ լինել առանձին ճյուղերում: Այսպիսի առանձին համաձայնագրեր կարող են ստորագրվել այն ոլորտներում, ուր կա երկուստեք հետաքրքրություն, հատկապես, երբ խոսքը գնում է տեխնիկական աջակցություն տրամադրելու մասին, ինչպիսիք են օրինակ թվինինգ նախագծերը, որոնք իրականացվում են նաև Ռուսաստանի Դաշնության հետ: Առաջնային մարտահրավերն այս առումով Հայաստանի համար ԵՄ չափանիշներին համապատասխանելն է և հայկական ենթակառուցվածքների ամբողջական բարելավումն է ըստ ԵՄ չափանիշների. սա, անշուշտ, քննարկման հիմնական թեման կլինի առանձին ճյուղերին վերաբերող համաձայնագրերի շուրջ բանակցություններում: Ըստ էության Եվրասիական միությանն անդամակցող երկրների մեջ Հայաստանի որդեգրած չափանիշներն ամենամոտն են ԵՄ չափանիշներին: Այդ պատճառով ակնկալվում է, որ ՄՄ անդամ երկրների ձեռնարկությունները կմեծացնեն իրենց ներկայությունը Հայաստանում: Այս առումով և ԵՄ-ի, և ՀՀ-ի համար փոխադարձ շահավետ կլինի համագործակցության լրացուցիչ մեխանիզմների ստեղծումն այս ոլորտում: Վերջապես, ընդհանուր առմամբ պետք է ասել, որ ԵՄ-ում ամրապնդվում է այն կոնսենսուսը, որ Արևելյան գործընկերությունը պետք է տրամադրի ավելի անհատականացված աջակցություն գործընկերության անդամ երկրներին հետագա ծրագրվող փուլում: Բացի այդ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության դեպքում մի շարք ԵՄ անդամ երկրներ և Եվրոպական խորհրդարանում տարբեր լիազորված անձինք պաշտպանում են այն գաղափարը, որ Հայաստանին պետք է առաջարկել այնպիսի Ասոցացման համաձայնագիր, որը հաշվի կառնի վերջինիս միջազգային նոր պարտավորությունները:



- Հունիսի 21-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամների»-ի (ՀԵԲ) նախաձեռնությամբ, Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիեվիչն ու Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) պատվիրակությունն այցելեցին Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ կարող եք ասել այդ այցելության մասին:


- Դեռևս տարիներ առաջ Եվրոպայի խորհրդարանը (որը Եվրոպայի քաղաքացիների ներկայացուցիչն է) ինչպես նաև ԵՄ բոլոր կառույցները պաշտոնապես շեշտել են ԵՄ ներկայացուցիչների կողմից Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ կապերի հաստատման անհրաժեշտության մասին: Ես այս երկու այցելություններն էլ կդիտարկեի այդ համատեքստում, ինչը սովորական երևույթ է ԵՄ միջազգային կապերի լայն շրջանակի համար:


Սա Եվրախորհրդարանի փոխնախագահի առաջին այցելությունն էր Լեռնային Ղարաբաղ և ՀԵԲ-ը շատ հպարտ է, որ մասնակից է դարձել այս կարևոր այցելությանը. միևնույն ժամանակ ես վստահ եմ, որ այսպիսի բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները կդառնան սովորական, այլ ոչ թե կլինեն բացառություն: Ինչ վերաբերում է ԵՀՔ պատվիրակության այցին, ապա դա առաջինը չէր և վստահ եմ, որ վերջինն էլ չէ: Դա պարզապես երկու անկախ քաղաքական միավորների կամարտահայտումն էր, որոնք կիսում են ժողովրդավարության ու մարդու իրավունքների ընդհանուր արժեքները և պատրաստ են աշխատել միասին:



-Ինչպիսի՞ն էր նրանց տպավորությունը ԼՂՀ-ից, հատկապես սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման առումով:


-Չնայած բոլոր դժվարություններին և միջազգային դոնորների բացակայությանը, Լեռնային Ղարաբաղն ընտրել է զարգացման եվրոպական մոդելը և թե Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիեվիչը և թե Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) պատվիրակությունը տպավորված էին դեմոկրատական և տնտեսական այն զարգացմամբ, որին հասել է Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղը երբեմն հանդիսանում է քննարկումների առարկա և, բնական է, որ ԵՄ ներկայացուցիչները ցանկանում են առաջին ձեռքից ստանալ տեղեկատվություն և տպավորություն Լեռնային Ղարաբաղի, նրա հասարակության, ժողովրդի և ժողովրդավարական կառույցների վերաբերյալ: Այս առումով շատ կարևոր էր այցելությունը, բացի այդ, ես կարծում եմ, որ նման այցելությունները փաստում են, որ ԵՄ-ն հոգ է տանում այն մարդկանց մասին, ովքեր ապրում են այդ տարածքում:

-Ինչպե՞ս եք տեսնում ԼՂՀ և ԵՄ համագործակցությունն ապագայում: Կարո՞ղ ենք ենթադրել, որ նման հանդիպումներն ու այցելությունները կվերածվեն սերտ համագործակցության:

-Տանգոյի համար անհրաժեշտ է երկու հոգի: Իսկ եթե կատակը մի կողմ թողնենք, ես անկեղծորեն կարծում եմ, որ այդ համագործակցությունը կարող է միայն ավելի զարգանալ: ԵՄ-ն շատ բազմազան է, և ես վստահ եմ, որ տարբեր հարթություններում ԼՂ-ն կգտնի գործընկերներ տարբեր ոլորտներում աշխատանքի համար, որը կհամապատասխանի և դրական կլինի կողմերի համար, լինի դա քաղաքական, մշակութային, տնտեսական, թե կրթական ոլորտ: Սա հաստատակամության մասին է խոսում, և ես ունեմ ուժեղ համոզմունք, որ հաստատակամությունը Ղարաբաղի ժողովրդի հատկանիշներից մեկն է:


-ԼՂՀ-ում քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության անդամների հետ հանդիպումներից հետո բազմաթիվ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ ԼՂՀ-ն, իրոք, ժողովրդավար պետություն է: Ո՞րն է Ձեր տեսակետը այդ հարցի առնչությամբ և արդյո՞ք նկատում եք առաջընթաց և զարգացում ԼՂՀ-ում քաղաքացիական հասարակության առումով: 

-Ինչ վերաբերում է ԼՂ-ում ժողովրդավարության զարգացմանը, ապա իմ կարծիքով շատ ավելի կարևոր է, թե ինչ են մտածում ղարաբաղցիներն ու այդ առնչությամբ ինչ նկրտումներ ունեն: ԵՄ-ից եկող կարծիքն այն է, որ երկրում ժողովրդավարության զարգացումը տպավորիչ է: Ժողովրդավարությունն ամենօրյա աշխատանք է: Եվ այս առումով առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու մասնավորապես, ընտրական գործընթացը կհանդիսանան թեստ այդ ոլորտում: Ես անկեղծորեն կցանկանամ, որ և ԵՄ-ն, և ԵԽ կառույցները համապատասխան դիտորդական առաքելություն ուղարկեն: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական հասարակության զարգացմանը, ԵՄ-ից այցելող մարդկանց համար արդեն լավ նորություն է քաղաքացիական հասարակության գոյությունը: Եկեք չմոռանանք, որ քսան տարի առաջ այդ երկիրն ավերված վիճակում էր: Բացի այդ, քաղաքացիական հասարակության այն անդամներին, որոնց ես տեսել եմ, ունեն փորձ, գաղափարներ, նախագծեր և շատ ակտիվ են: Անշուշտ, պայմանները կարող էին լինել ավելի լավը, բայց ես վստահ եմ, որ նրանք արդեն կարևոր արժեք են և կամաց-կամաց նրանք ավելի կամրապնդեն իրենց դիրքերը:

 

Նույն շարքից