Հարցազրույց 

Ամենահաճելի զգացողությունը նորից պապիկ դառնալն էր, երբ թոռնիկս էլ իմ անունն է կրում. Արթուր Կիրակոսյան

analitik.am

Analitik.am-ի ամանորյա բլից հացերին պատասխանում է հաղորդավար, մեկնաբան Արթուր Կիրակոսյանը:

 

- Պարոն Կիարկոսյան, ի՞նչ է Ձեզ համար Ամանորը:

 

- Տոն է: Ինձ համար՝ առաջին հերթին ընտանեկան տոն: Շատ սիրելի, թերեւս ամենասիրելի տոնը:

 

- Ասում են` Ամանորին մտապահած երազանքներն իրականանում են. ունե՞ք երազանք և հավատո՞ւմ եք հրաշքներին:

 

- Իսկ մարդ կա՞, որ երազանքներ չունի: Ունեմ, իհարկե: Դրանք կապված են ընտանիքիս անդամների, հարազատներիս ,մտերիմներիս, ընկերներիս ու մեր երկրի հետ...Հրաշքնե՞ր… պատահում են երբեմն…

 

- Ո՞րն է Ամանորի հետ կապված ամենահիշարժան պատմությունը:

 

- Մեր ընտանիքի համար ամենահիշարժան պատմությունը պապիցս է գալիս: Հետո հայրս է շարունակել, հիմա՝ եղբարս: Մեր բոլոր բարեկամները իմացել են, որ հունվարի 1-ի առավոտյան մեր տանը խաշ է մատուցվում: Ու բոլորը առավոտ շուտ շտապել են մեր տուն: Ու մեր տան կանայք միշտ ստիպված են եղել Ամանորի տոնական սեղանը ժամանակավորապես «ձեւափոխել» խաշի սեղանի:

 

-Ի՞նչ եք ակնկալում Նոր տարուց:

 

- Նոր տարուց սովորաբար ակնկալիքները շատ են լինում: Հիմա չթվարկեմ…

- Ընդհանուր առմամբ, գո՞հ եք 2014 թվականից:

 

- Ընդհանուր առմամբ, 2014թ-ից գոհ լինելու պատճառները շատ չեն, բայց ինչպես ասում են՝ եկեք գոհանանք մեր ունեցածով:

 

-  Ի՞նչը կփոխեիք Ձեր մեջ գալքի Նոր տարում:

 

- Ամեն օր, ամիս, տարի փոխվում ենք բոլորս: Իմ մեջ հատուկ որեւէ բան փոխելու մասին չեմ մտածել:

 

- Ի՞նչն է պակասում այսօր մարդուն:

 

- Ամեն մեկին ինչ որ բան պակասում է, ինչ որ բան չի հերիքում...

 

-  Արթուր Կիրակոսյանի տարվա ամենասուր կամ ամենահաջողված հաղորդումը:

 

- Ամենասուրը կամ ամենահաջողվածն էր, թե ոչ՝ չգիտեմ, բայց հաստատ ամենահիշարժանն այն «Արտակարգ» թողարկումն էր, որ գործընկերներս՝ Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ «սարքել» էին ծննդյանս օրը: Ես չեմ սիրում տարեդարձս հանրայնացնել սոցիալական ցանցում եւ դրա համար ծննդյան օր չէի նշել: Բոլոր հնարավոր շնորհավորողներին, ինչպես միշտ, զգուշացրել էի՝ շնորհավորանքներ չգրել,կամ գրել անձնական նամակով: Բայց...Երկար պատմություն է, հնարավորինս կարճ պատմեմ: Ուղիղ եթերում էի, ու ընթացքում ինձ են փոխանցում Գեղամ Մանուկյանի հրահանգը՝  եթերից հետո տաղավարից դուրս չգալ՝ կարեւոր, հրատապ բան կա: Թողարկման ավարտին վազքով ներս է մտնում Գեղամն ու ասում . «Արագ, շատ արագ արտակարգ թողարկում ենք մտնում. հրատապ հաղորդագրություն նախագահականից»: «Ի՞նչ է պատահել»,-  հարցնում եմ: «Արագ, ժամանակ չունենք»,-ասում են ու գլխագիրը հայտնվում է եթերում` «Բարեւ Ձեզ...»: Մնացածը երեւի գիտեք, տեսած կլինեք: Իմ վերջին տվյալներով, դիտումների քանակը 76 հազարն անցել էր...Ու՝ սկսվեցին զանգերը,նամակներն ու շնորհավորանքները: Ահա էսպիսի «Արտակարգ»  թողարկում ու արտակարգ ծննդյան օր…

 

- Պարոն Կիրակոսյան, երկրի հարցն, ի վերջո, ի՞նչ լուծում կստանա 2015-ին...

 

- Երկրի հարցերը շատ են, շատ-շատ: Ու մենք 2015-ին էլ ամեն օր անդրադառնալու ենք այդ հարցերին ու հնարավոր լուծումներին:

 

- Գյումրիում առաջնային խնդիրներից որի՞ն լուծում չտրվեց, որ պետք է տրվեր:

 

- Գյումրին...Գյումրիի խնդիրներն ավելի շատ են: Ավելի ճիշտ՝ նույնն են, բայց ավելի խորը, ավելի ցավոտ: Ես արդեն 10 տարի ապրում եմ Երեւանում, բայց շատ հաճախ եմ լինում Գյումրիում, տեսում եմ, հետաքրքրվում եմ...Այն, ինչ քաղաքապետարանի ուժերի ու ֆինանսական հնարավորությունների սահմաններում է, զգալի տեղաշարժ կա՝  կենտրոնական փողոցների նորոգում, լուսավորություն եւ այլն: Երկրորդական փողոցների վիճակը անմխիթար է, խայտառակություն: Միայն տեղական բյուջեով այդ հարցը չի լուծվի մի 20 տարում: Կառավաարության աջակցությունն է հարկավոր: Հաջորդը՝ զբաղվածություն, աշխատատեղ. Տեղական ու տարածքային իշխանությունների ուժերից վեր բան է: Իսկ աղքատության մակարդակը Գյումրիում ամենաբարձրն է: Բնակարանային խնդիր: Իսկապես, ամոթ է երկրաշարժից 26 տարի անց էլի տնակներում ապրողներ ունենալ՝ ահավոր պայմաններում: Խնդիրները շատ են: Պետք է.որ կառավարությունը հստակ արձանագրի.Երկրորդ քաղաք՝ ամենեւին էլ չի նշանակում երկրորդական...

 

- Ամենաշատը ինչի՞ համար եք ափսոսում:

 

- Ամենաշատը...չգիտեմ, երեւի ժամանակի կորստի:

 

- Տարվա Ձեր ամենամեծ մտահոգությունը...

 

- Մտահոգությունները շատ են՝ տարբեր չափերի, տարբեր հարթություններում...Դժվարանում եմ ասել` որն էր ամենամեծը:

 

- Ամենամեծ հիասթափությունը...

 

- Նույնը վերաբերում է նաեւ հիասթափություններին:

 

- Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել հայկական ԶԼՄ-ներին 2015-ին:

 

- Սա մի երկար դասախոսության թեմա է. մեկ-երկու նախադասությամբ ասելու չի:

 

- 2014-ին կորուստնե՞րն էին ավելի շատ, թե՞ ձեռքբերումները:

 

- Չեմ չափել, չափիչ գործիք չունեմ, աչքաչափով էլ` եսիմ...:

 

- Եղա՞ն հարցեր, որոնք իրենց պատասխանները չստացան:

 

- Էդ մասին չեմ մտածել:

 

-  Ի՞նչ չէիք անի 2014-ին, որ արել եք:

 

- Երեւի չեմ արել…

 

 

- Ո՞րն էր 2014-ին ապրած ամենատհաճ և ամենահաճելի զգացողությունը:

 

 

- Հաճելիներից մեկի մասին պատմեցի, իսկ ամենահաճելի զգացողությունը նորից պապիկ դառնալն էր, երբ թոռնիկս էլ իմ անունն է կրում (տհաճները թող մոռացվեն):

 

 

 

- Սովորաբար որքա՞ն գումար եք ծախսում ամանորյա սեղանի համար:

 

 

- Ճիշտն ասած՝ չգիտեմ: Գնումներով հիմնականում կինս է զբաղվում:

 

- Ո՞րն է 2014 թվականի քաղաքական ամենամեծ կորուստը և ձեռքբերումը:

 

- Եկեք, գոնե այս  տոնական օրով քաղաքական զարգացումներից չխոսենք:

 

 - Կա՞ ընտանիք, որին, որպես ավանդույթ, օգնում եք այս օրերին:

 

- Որպես ավանդույթ՝ ոչ, չկա: Իսկ բարեգործության մասին՝ ոչ բարձրաձայն:

 

- Ի՞նչ եք մաղթում հայ ժողովրդին և analitik.am-ի ընթերցողին:

 

- Գիտեք, ես կարծում եմ, որ հայ ժողովրդին, մի ողջ ժողովրդի մաղթանքի հրապարակային խոսք ասելու իրավունք ամեն մեկը չէ, որ ունի: Այդ իրավունքը վաստակել են շատ քիչ թվով մարդիկ՝ մեծերը: Այդ մաղթանքներից ես կառանձնացնեի խաղաղությունն ու բարեկեցությունը:

 

Հասմիկ Մովսիսյանի

 

 

 

Նույն շարքից