Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից իրականացված դաժան սպանությունը մեծ աղմուկ բարձրացրեց Գյումրիում: Գյումրեցիները պահանջում էին Հայաստանի արդարադատությանը հանձնել մարդասպանին, նույնիսկ հնչեցին ռուսական ռազմաբազան հանելու կոչեր: Արդյոք ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի Ռուսաստանը՝ Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու դեպքում, և, առհասարակ, ի՞նչ են կորցնում այդ դեպքում թե՛ Հայաստանը, և թե՛ Ռուսաստանը:
Քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը analitik.am-ի հետ զրույցում հարցի վերաբերյալ կարծիք հայտնեց, որ այնքան էլ հեշտ չէ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելը: «Մենք նույնիսկ չենք կարողանում փաստացի հանցագործություն կատարած անձին վերցնել-քննել, ուր մնաց՝ ռուսական ռազմաբազան քշենք, հանենք Կովկասից, այն էլ այն փուլում, երբ Ռուսաստանը հետխորհրդային տարածքի ամեն մի մետրի համար դաժանագույն կռիվ է տալիս, իսկ Ուկրաինան դրա վառ ապացույցն է: Հետևաբար՝ դա հեշտ չի լինի: Իհարկե, նաև ռուսները պետք է հասկանան, որ այսպիսի տենդենցները իրենց իսկ վարքագծի պատճառով կարող են, իսկապես, լուրջ հետևանքների հանգեցնել՝ բերելով ընդհուպ իր հեղինակության անկման: Ու թերևս Գյումրին այն քաղաքն է, որտեղ ռուսների նկատմամբ սերը, հարգանքը, վստահությունը բարձր է եղել, և հիմա ռուսական միջնաբերդն ընկավ, այսպես ասած, մի հանցագործության, մի հանցագործի պատճառով, որի վրա Ռուսաստանը «թևերը փռել է»: Այս կտրվածքով մտահոգվելու խնդիր ունենք: Ռուսաստանը, կորցնելով ռուսական բազաները, կկորցնի ամբողջ Հարավային Կովկասը: Եվ ոչ միայն դա. նաև Հյուսիսային Կովկասը: Եթե հասարակության արդարացի պահանջին ընդառաջ չգնան ո՛չ Հայաստանի , ո՛չ Ռուսաստանի իշխանությունները, ապա, առաջին հերթին, նման պահվածքը հարվածելու է այս գործով ընթացող քննությանը, վստահության առումով նաև հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությանը՝ այդ թվում՝ և ռազմական ոլորտում»,-մեկնաբանեց վերլուծաբանը:
Հարցին, թե արդյոք իշխանությունները ընդառաջ կգնա՞ն հասարակության կամքին, Սաֆարյանը պատասխանեց. «Եթե չլինեին անցած շաբաթվա բուռն զարգացումները Գյումրիում, համենայնդեպս, Վլադիմիր Պուտինը թեկուզ այդքան ուշացումով չէր խոսի: Մենք դեռ հետո կհասկանանք, որ Գյումրիին և գյումրեցուն շնորհակալություն պետք է հայտնել»:
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը, անդրադառնալով հարցին, ասաց. «Միգուցե սխալ եք հասկացել. ո՛չ գյումրեցիներն են պահանջում այդպիսի բան, ո՛չ էլ, առհասարակ, Հայաստանում են նման պահանջ ներկայացնում: Դա պահանջում են մարդիկ, ովքեր իրենց ծնված օրվանից դա են ցանկանում: Դա պահանջում են մարդիկ, ովքեր ֆինանսավորվում են դրսից: Պետք է ուշադիր լինել, թե ովքեր են նրանք, ինչ կազմակերպություններ են և որտեղից են ֆինանսավորվում: Ինչ վերաբերում է ռուսական բազային, որը գտնվում է Գյումրիում, նրա գոյությունը Հայաստանում նրա համար է, որպեսզի ապահովի մեր անվտանգությունը:Այդ բազան և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետո աջակցել է, աջակցում է և աջակցելու է մեզ :Նրանք, ովքեր պահանջում են դա, ես կառաջարկեի գնան առաջին գիծ և խրամատում նստեն և պահպանեն սահմաները: Հարցին՝ միգուցե վի՞շտն է խոսում նման պահանջ ներկայացնող մարդկանց մեջ, պարոն Հարությունյանը նկատեց. «Ո՛չ ,ես տարբերում եմ մարդկանց, ովքեր դա անում են վշտի, էմոցիայի ազդեցության տակ, և նրանց, որոնց դրդում են մարդիկ, ովքեր ինչ-ինչ նպատակներ են հետապնդում: Դրդողները փորձում են հայ-ռուսական հարաբերությունները փչացնել ի վնաս Հայաստանի: Հասկանալի է՝ հանցագործը կատարել է աններելի արարք, եղել է նման դեպք , սակայն մոռանում ենք, որ այդ բազայից երկու սպայի ժամանակին հայ է սպանել: Այդ ժամանակ քրեական գործ հարուցվեց և խնդիրը ստացավ իր լուծումը: Եթե ռուսական կողմը գնահատում է այդ հանցագործությունը՝ նշելով, որ դա անմարդկային արարք է, դրանից այն կողմ էլ ի՞նչ է պետք : Երկրորդ. այդ ռուսական բազայում պետք է հասկանալ, որ ծառայում են մեծ թվով հայ զինվորականներ, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են՝ սպաներ, ենթասպաներ և պայմանագրային զինվորներ:Եթե մարդիկ մի բան խոսում են, պետք է հասկանան՝ ինչ է նշանակում Հայաստանի անվտանգություն և որտեղից է այն գալիս, և չվնասեն ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, այլև այն մարդկանց, ովքեր ծառայում են այդ բազայում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Հասմիկ Մովսիսյան