Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հայերին նոր սկզբի հիմքեր դնել:
Իր ուղերձում նշել է. «Արդեն 8 տարի է, ինչ մեզ հետ չէ Հրանտ Դինքը, ով փորձում էր իր զգացումներով և մտքերով լուսավորել Օսմանյան կայսրությունից Թուրքիայի հանրապետությանն անցած կարեւոր խնդիրներից մեկը: Դինքի հարգարժան ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սիրում են Դինքին, համբերություն ենք մաղթում։ Հրանտ Դինքը Անատոլիայի թանկարժեք մի մտավորական էր, ով ճանապարհներ էր փնտրում հայերի և թուրքերի համատեղ ապագան կառուցելու համար»:
Այս համատեքստում, Դավութօղլուն հայ-թուրքական բարեկամության կոչ է անում, հրավիրում բոլոր հայերին «նոր սկզբի» համար աջակցություն ցույց տալ:
«Թուրքիան կիսում է հայերի ցավը ու վճռական ջանքեր գործադրում երկու ժողովուրդների միջև կրկին զգացմունքային կապեր ստեղծելու համար։ Մեր հարաբերությունները պատանդ վերցրած թշնամանքը հաղթահարելու համար և գլխավորապես երկխոսության միջոցով շարժվելու անհրաժեշտության մասին ամենավճռական արտահայտությունը 2014 թվականի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձն է։ Ժամանակը, որ կանգ է առել 1915-ին, կշարունակվի, երբ մեծ տրամվան հետևում թողնելու ճանապարհով տաբուները քանդվեն։ Թուրքիան իր անունից այդ կետը հաղթահարել է»,-շարունակում է Թուրքիայի վարչապետը:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի վարչապետի՝ հայերին ուղղված կոչն ունի՞ արդյոք քաղաքական ենթատեքստ և, ըստ էության, ի՞նչ նպատակներ է հետապնդում:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը analitik.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Դավութօղլուի կոչը:
Ըստ նրա, Դինքի սպանության ութերորդ տարելիցի առթիվ , երբ թուրքական շատ քաղաքներում, հատկապես Ստամբուլում, անցկացվեցին ցույցեր , մասնակցում էին նաև թուրք մտավորականներից կազմված այնպիսի խմբեր, որոնք դեմ են արտահայտվում Էրդողանի կառավարությանը. դրանք հիմնականում քուրդ մտավորականներ են, որոնց սահմանադրական իրավունքները տասնյակ տարիներ խախտվել են: «Այդ ցույցերի ժամանակ ցուցապաստառներին գրված էր՝ «Բացահայտել Դինքի սպանության բուն մասնակիցներին, «Առերեսվել սեփական պատմության հետ»:
Դավութօղլուն, ըստ երևույթին, հիմք ընդունելով հասարակական սերուցքի պահանջները՝ Դինքի սպանության բուն կազմակերպիչներին բացահայտելու և պատմության հետ առերեսվելու, փորձում է Հայաստանին դրական ազդանշաններ հաղորդել, որպեսզի մեղմի Մեծ Եղեռնի 100 րդ տարելիցի սրությունը կամ այդ միջոցառումների դեմ հակաքայլերի դիմելով՝ ընդլայնել Թուրքիայի հնարվորությունները: Միաժամանակ, այդ կոչը միտում ունի նաև Արևմուտքին ազդանշան հաղորդելու, թե տեսեք՝ մենք հայերին բարեկամության ձեռք ենք մեկնում , իսկ նրանք մերժում են»,-մեկնաբանեց թուրքագետը:
Հարցին, թե ինչ է ուզեցել ասել վարչապետը հետևյալ արտահայտությունն անելով ՝ («Ժամանակը 1915-ին կանգ է առել , կշարժվի եթե մենք տաբուները քանդենք: Թուրքիան իր անունից այդ կետը հաղթահարել է»:), Հ. Չաքրյանն ասաց. «Դա նշանակում է, որ հայկական կողմը և սփյուռքը պետք է հրաժարվեն Թուրքիայի նկատմամբ թշնամական քայլերից. Այն է՝ հետամուտ չլինել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Նա ուզում է ասել, որ իրենք իրենց քայլը կամ պարտականությունը կատարել են, նկատի ունենալով անցյալ տարի ապրիլի 23-ին Էրդողանի կիսատ-պռատ ցավակցությունը : Թուրքիան իր կողմից կատարված գործը համարում է ավարտված, և մնում է, որ հայերն էլ ավարտեն»:
Հասմիկ Մովսիսյան