Հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանն ԱԺ-ում սկսվեց նորից որոշ լրատվամիջոցների դժգոհությամբ: Բանը նրանում է, որ ԱԺ նախագահի ընդունած լրագրողների հավատարմագրման նոր կարգով փորձ է արվել ԱԺ-ում ընդգրկել համեմատաբար ավելի պրոֆեսիոնալ ու ճանաչում ունեցող լրատվամիջոցների: Խաղի նոր կանոնների համաձայն` այսուհետ ԱԺ-ում կարող են հավատարմագրվել միայն այն լրատվական կայքերը, որոնք օրական ունեն առնվազն 2 000 այցելու` նախկին 800-ի փոխարեն, ինչն էլ իրավական հարթությունում դարձել է քննարկման առարկա:
Բանն այն է, որ լրատվամիջոցներից մեկն իր հրապարակման մեջ հայտնեց, թե զրկվել է ԱԺ-ում հավատարմագրվելուց, ինչն անօրինական է: Ենթադրյալ անօրինականությունը հաստատելու համար փոփոխության այդ մասը մեկնաբանեց, որ օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ:
Այս պնդման մասին լրագրողների հետ զրույցում կարճ ակնարկ արեց նաև ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը, մասնավորապես նշելով՝ «որպես իրավաբան՝ Կարգի հետ կապված, թե՛ հետադարձ ուժի, թե՛ Կարգում ներառված նոր ցուցանիշների և այլն, ես մի քանի լրատվամիջոցների աշխատանքային կարգով մեկնաբանություն տվել եմ, բայց խուսափել եմ հրապարակային մեկնաբանություններից՝ հաշվի առնելով այն փաստը, որ ո՛չ իմ, ո՛չ էլ, առավելևս, ինչ-որ մի մանր կամ միջին չինովնիկի հայեցողական մեկնաբանությունները չեն կարող դրվել այս կամ այն իրավաստեղծ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող փաստերի կիրարկման հիմքում կամ Աժ ավանդույթների շարունակականության ապահովման հարցոմ»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ ընդգծելով, որ ինքը, որպես իրավաբան, այդ առումով խնդիր տեսնում է: Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ այստեղ ասելիք ունի հատկապես դատարանը, որը, իր խորին համոզմամբ, նույնպես կտեսնի որոշակի խնդիրներ։
Նկատի ունենալով, որ հարցը դեռևս դատարան չի հասել, մենք պարզաբանումներ խնդրեցինք փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հարություն Հարությունյանից: Վերջինիս կարծիքով այս հարցում հետադարձ ուժի կիրառման մասին ընդհանրապես խոսք չպետք է լինի, քանի որ սահմանվել են նոր կանոններ, իսկ սահմանելու պահին որևէ լրագրող հավատարմագրված չի եղել: Հետադարձ ուժի կիրառման մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ իրավական ակտն ունի կողմեր, որոնք մինչ փոփոխությունն էին դարձել այդպիսին: Իսկ այս դեպքում փաստաբանը հետադարձ ուժի կիրառման քննարկումն ընդհանրապես անհասկանալի է համարում:
Մեր ճշտող հարցին, թե ամեն դեպքում փոփոխություն եղել է, և ընդունվել են ավելի խիստ չափանիշներ, արդյոք դա չի՞ կարող մեկնաբանվել որպես վատթարացնող նորմ, Հարություն Հարությունյանն այսպես պատասխանեց. «Հետադարձ ուժի մասին նույնիսկ մտածելն այս դեպքում վտանգավոր է, ուր մնաց բարձրաձայնելը։ Աստված չանի, որ նման դեպքերում որևէ իրավակիրառող փորձի հետդարձ ուժ կիրառել։ Այդ դեպքում մենք կունենանք իրավիճակ, երբ այլևս որևէ նոր կանոն անհնար կդառնա սահմանել: Խորհուրդ եմ տալիս ընդհանրապես դադարեցնել այս քննարկումը, որ հանկարծ ինչ-որ մեկի մտքին չփչի այդպիսի բան անել» - եզրափակեց փաստաբան Հարություն Հարությունյանը: