Analitik.am-ը զրուցեց քաղաքագետ Արա Պապյանի հետ ՀՀ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թեմաների շուրջ:
- Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել: Բազմաթիվ երկրներ՝ մասամբ կամ ամբողջովին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ինչո՞վ է այս ճանաչումը առանձնանում:
- Ընդհանրապես այս ճանաչումը ողջունելի է, քանի որ նման կարևոր կուսակցությունը, որը էապես ներկայացված է Եվրոպական Խորհրդարանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նման բանաձև է ընդունում : Սակայն, մենք չպետք է գերագնահատենք այն: Նախ պետք է հիշենք, որ սա Եվրոպական խորհրդարանի կուսակցություններից մեկն է, իսկ դեռևս 1987թ.-ին Եվրոպայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Սա ամբողջի մի մասն է, և պատահական չէ, որ խորհրդարանը վերահաստատում է ընդունածը: Սակայն մենք ականատես ենք եղել այն բանին, որ շատ երկրներ, որոնք կարգավիճակով ավելի բարձր են, քան կուսակցությունները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց ցավոք սրտի այն գործնական առումով չի դարձել Թուրքիայի համար լծակ, պարզապես մնացել է հայերի համար այսպես ասած բարոյական հաղթանակներից մեկը:
- Պարոն Պապյան, ըստ Ձեզ, ո՞ր երկրները կընդունեն Թուրքիայի Գալիպոլիի տոնակատարության հրավերը: Ակտիվորեն խոսվում էր այն մասին, որ Մեծ Բրիտանիան նույնիսկ վարչապետի մակարդակով կմասնակցի այդ տոնակատարությանը:
-Այդ լուրերը տարածվում են, հետո հերքվում: Մի բան պարզ է, որ Գալիպոլիի տոնակատարությունը կազմակերպված է ի հակակշիռ Հայոց ցեղասպանությանը: Հնարավորինս ծանր կացություն ստեղծել երկրների ղեկավարների համար, կանգնեցնել նրանց երկընտրանքի առջև: Բարոյական առումով դա անընդունելի է, քանի որ սա նշանակում է, որ Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլ նաև խնդիրներ է առաջացնում մյուսների համար: Սա ակնհայտ է, քանի որ փոփոխվել է տոնակատարության օրը, ինչպես նաև ինքնին տոնակատարության երևույթը անհամատեղելի է ապրիլի 24-ի հետ:
Ինչպե՞ս անմոռուկը դարձավ Հայոց ցեղասպանության խորհրդանիշ:
-Խորհդանիշն ինքնին որպես համազգային խորհրդանիշ պետք է անցներ քննարկումների որոշակի փուլ: Համաձայն ընդունված կարգի, հայտարարվում է փակ մրցույթ, հասարակությանը տեղեկացնում են և բացատրում: Նման հարցերի շուրջ խորհրդանիշները չպետք է լինեն վիճահարույց : Բուն գաղափարը գուցե և ճիշտ է, սակայն այն չանցավ քննարկումների փուլ: Առավել ևս հասկանալի չէ այս սիմվոլի կիրառումը: Եթե կա հանձնաժողով, որը զբաղվում է այս հարցով, ապա կատարվել է ծախսեր, և հետևաբար ո՞ւր են գնում վաճառքից առաջացած գումարները : Այս ամենը պետք է լինի թափանցիկ: Վաճառքից եկած գումարները պետք է ծառայեցվեն բարեգործական նպատակներին:
-Ինչպե՞ս կզարգանան ռուս- թուրքական հարաբերությունները` Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումից հետո:
-Մենք արդեն տարիներ ի վեր հանդիսանում ենք Ռուսաստանի Դաշնության ստրատեգիական դաշնակիցը, ստորագրված են բազմաթիվ փաստաթղթեր: Սակայն սա միակ դեպքն է, երբ մի երկիր մյուսին տրամադրում է անվճար տարածք ռազմաբազայի համար, նաև իր վրա է վերցնում այդ ռազմաբազայի հետ կապված ծախսերի զգալի մասը: Ռուսաստանի համար շատ կարևոր է ապահովել իր ներկայությունը ինչպես Հայաստանում, այնպես և Մերձավոր Արևելքում: Ռուսաստանի վարած քաղաքականությունը մեր նկատմամբ մեզ հիմքեր չեն տալիս ակընկալել այն, որ մենք հանդիսանում ենք Ռուսաստանի համար դաշնակից: Դաշնակից նշանակում է այն, որ “քո թշնամին նաև իմ թշնամին է”: Ռուսաստանը զենք է վաճառել և շարունակում է վաճառել Ադրբեջանին, ինչպես նաև խորացնում է Թուրքիայի հետ սերտ տնտեսական հարաբերությունները, որը ի վնաս մեզ է: Ռուսաստանը Հայաստանին զրկում է այլընտրանքից : Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը ոչ միայն չբարելավեց ռուս-հայկական հարաբերությունները , այլև վատթարեցրեց դրանք: Արդեն իսկ հայտնի է, որ արտաքին առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև զգալի կրճատվել է:
Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի առջև խնդիրներ չեն դրել Եվրասիական տնտեսական միության անդամակցումից առաջ, ի տարբերություն մյուս անդամ երկրների, որոնք հարցեր էին առաջադրում հօգուտ իրենց պետական շահերի:
Անժելա Ավետիսյան