«Ցանկացած պետության ներքին զարգացումները միանշանակ իրենց ազդեցությունն են թողնում արտաքին քաղաքականության վրա, հատկապես, երբ այդ զարգացումների հիմքում ինչ-որ կոնֆլիկտ կա»,- analitik.am-ի հետ զրույցում պատասխանելով, թե որքանով են երկրի ներքին քաղաքական խնդիրներն ազդում արտաքին քաղաքականության վրա, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ։
Ըստ Շահնազարյանի, դա բնական է, քանի որ այստեղ տեղի ունեցող իրադարձությունները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են գտնվում՝ անպայման թողնելով բացասական հետք։ Թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Հայաստանում կատարվող դեպքերին, ասաց, որ ՌԴ-ն շատ զգուշավոր է ցանկացած տիպի զարգացումների նկատմամբ։
«Դատելով վերջին զարգացումներից և Ծառուկյանի՝ Մոսկվա կատարած այցերից , ինչպես նաև ռուսական մամուլի հրապարակումներից, ակնհայտ է , որ պաշտոնական Մոսկվան Հայաստանում տեղի ունեցող հեղափոխական գործընթացներին մտադիր չէ աջակցել։ Ըստ էության, Հայաստանում տեղի ունեցող դեպքերը, Ռուսաստանի իշխանությունների համար կարծես թե կոշտ կամ փափուկ տեղ են։ Այսինքն՝ դրանով ուզում են ասել, որ չեն պատրաստվում միջամտել կամ որևէ կերպ աջակցել»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ չնայած այն հանգամանքին, որ հետխորհրդային տարածաշրջանում աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա, այնուամենայնիվ, նույն ուկրաինական փորձը մեր տարածաշրջանում քաղաքական շահ հետապնդող պետություններին սովորեցրել է ավելի ուշադիր լինել այստեղի բոլոր իրադարձությունների հանդեպ, հատկապես, երբ դրանց հիմքում իշխանափոխության սպառնալիքներ կան։
Ծառուկյանը կարողացավ ժամանակին կանգ առնել՝ բարձրացնելով դժգոհությունների մեծ ալիք։ Նրան այսօր քննադատում են և՛ «հակառակորդները», և՛ յուրաինները։ Հարցին՝ թե պայքարի կեսից հետնահանջը որքանով կազդի Ծառուկյանի վարկանիշի վրա թե՛ այստեղ, թե՛ դրսում, պարոն Շահնազարյանն ասաց, որ այս պահին դժվար է գնահատել, դրա համար ժամանակ է հարկավոր, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչ տեղի ունեցավ և, ըստ այդմ, գնահատական տան։ «Ծառուկյանին հիմա քննադատում են ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում, որտեղ նա բոլորովին վերջերս աջակցություն էր փնտրում։ Իսկ սա նշանակում է ԲՀԿ ղեկավարի քաղաքական ծրագրի բացարձակ ձախողում։ Նա ստիպված եղավ փոխել մարտավարությունը , կարելի է ասել՝ զսպեց քաղաքական ձգտումները` կրկին հանգստություն բերելով ինչպես Հայաստանի ներքաղաքական դաշտին, այնպես էլ այդ դաշտին հետևող արտաքին շահագրգիռ կողմերին»։
Փետրվարի 20-ին, տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքը։ Ի՞նչ կտա այն, հատկապես երբ հարթակում չեն լինելու մյուս երկու կուսակցությունները՝ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը։ Արդյոք այս հանրահավաքը չի՞ արվում հատուկ ժողովրդի վստահությունը վերգտնելու նպատակով։ Պարոն Շահնազարյանին խնդրեցինք տեսակետ հայտնել նաև այս հարցի վերաբերյալ․
«Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ հույսեր էր կապում եռյակի աշխատանքի հետ․ հիմա նրանք հրաժարվեցին և ստացվում է՝ ողջ մեղքն ընկավ Րաֆֆու ուսերին։Բողոքի զանգվածը նա իր կողմը դարձրեց; Թե ինչ կարող է անել նա, և արդյոք նրան ինչ-որ բան կհաջողվի, թե ոչ, կերևա վաղը։Սակայն պետք է փաստել, որ «Ժառանգության» առաջնորդը ունի լուրջ խնդիրներ նախ՝ իր կուսակցության ներսում, որը պետք է հարթի և ապա կարողանա կրկին ձեռք բերել ժողովրդի վստահությունը, որը կորցրել է»։
Հասմիկ Մովսիսյան