Հարցազրույց 

«Քամելիոնի օրագիրը». նոր գիրք Քրիստ Մանարյանից

analitik.am

«Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկը սովորականից մարդաշատ էր, քանի որ հավաքվել էին արվեստագետներ, թատերական գործիչներ, դերասաններ` շորհավորելու Քրիստ Մանարյանին՝  հեղինակային թվով 2-րդ գրքի շնորհանդեսի կապակցությամբ:  www.analitik.am-ը նույնպես միացավ շնորհավորանքներին և հեղինակին  մի քանի հարց ուղղեց:


-Պարոն Մանարյան ինչպե՞ս է կոչվում Ձեր նոր գիրքը, և ինչի՞ մասին է այն:


-Գիրքը կոչվում է «Քամելիոնի օրագիրը»: Այն 80-ականների և ներկայիս Երևանի մասին է:

Հերոսը մի տղամարդ է, որը հիշում է իր երիտասարդությունը, անցյալի հետաքրքրիր պահերը: Հիշում է այն աղջկան, ում սիրահարված է եղել,և որը իր կյանքի վրա անջնջելի հետք է թողել:


-Այս գիրքը Ձեր կյանքի որևէ հատվածի նկարագրություն է, թե՞ երևակայական մի պատմություն: Ընթերցողը  կգտնի՞ Ձեզ այդ հերոսի մեջ:


-Այն ոճը, որով ես ստեղծագործում եմ, կոչվում է գեղարվեստական փաստավավերագրություն: Այսինքն՝ կա թե՛ ինքնակենսագրություն, թե՛ երևակայություն: Երկուսի խառնուրդն է:  Լիարժեք ինքնակենսագրական չէ, բայց ինձ մասնակիորեն կգտնեն հերոսի մեջ:  Ես իմ երևակայությունն ու իրականությունը խառնել և ստացել եմ վիպակ, եթե կարդացողը մտածի, թե լիարժեք ինքնակենսագրական է, ապա ոչինչ, խնդիր չէ:

-Ձեր նախորդ գիրքն ինչի՞ մասին էր:


-Իմ առաջին հեղինակային գիրքը, որը լույս էր տեսել 15 տարի առաջ, կազմված էր հեքիաթներից, կրթող էր և նախատեսված երեխաների համար, իսկ այս մեկը հետաքրքիր վիպակ է:


-Իսկ ո՞ր տարիքի ընթերցողի համար է նախատեսված այս գիրքը:


-Դժվարանում եմ ասել, բայց քանի որ հիմա կարծես տենդենց կա ամեն ինչ ըստ տարիքի առանձնացնել, ապա այսպես ասեմ՝ 12 տարեկանից բարձր ընթերցողների համար է:  Ուզում եմ  նշել, որ շատ դինամիկ եմ գրել, իրադարձություններն արագ են զարգանում, և անկախ տարիքից, հետաքրքրությամբ կկարդան երևի:





Արմինե Բրսոյան

Նույն շարքից