Հարցազրույց 

«Մի անգամ պայթեց իմ սենյակը, մաման ամբողջը թափեց եւ քիմիայի իմ ամբողջ սերը էդ կոլբաների հետ գնաց աղբամանը». Նարեկ Դուրյան

analitik.am

Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյան

Իրենը բեմն էր, սա հստակ էր, իսկ թե բեմում ինքը ով կլիներ՝ այլ խնդիր էր: Սա էր Նարեկ Դուրյանի ընտրությունը: Իսկ մինչ այս… Տիեզերագնաց՝ դասական երազանքի փուլ կանցնի, հետո քիմիական նյութերն իրենց հետ պիտի պայթեցնեն մեկ այլ երազանք:


-Քեռիս քիմիական գործարանում էր աշխատում, բերում էր իմ համար կոլբաներ, բաներ, սիրում էի, որ խառնում էի նյութերը, բլթբլթում էր, բան, ես գրում-մրում եմ, մինչեւ մի անգամ  պայթեց  իմ սենյակը, մաման ամբողջը թափեց եւ քիմիայի իմ ամբողջ սերը էդ կոլբաների հետ գնաց աղբամանը:


Փոքրիկ Նարեկն ու ընկերներն ամենաշատը ամռանն էին սպասում: Իրենց «որսի»՝ ցոգոլագողության ժամանակն էր: 


 -Դա մեր ամենասիրած բանն էր, ցոգոլ, օ՜, շլոր, թութ, թութը չէինք գողնում, ծառի վրա ուտում էինք, քանի տերերը չէին բռնել:


Նարեկ Դուրյանենց հարեւանությամբ էր ապրում նաեւ Մարտիրոս Սարյանը: Ընտանիքներով մոտ էին: Մտերմությունը մտերմություն, բայց բակի տղաները ստիպում էին ցոգոլ կամ հոն գողանալ նկարչի այգուց:  Գնում էր ու անընդհատ բռնվում, խայտառակ էր լինում:


-Ես ծառի վրա էի: Նայեցի ներքեւ տեսա վարպետը, նայեց, ասաց՝ այ տղա, էլի դո՞ւ: Ասաց՝ իջի: Իջա: Ասաց՝ էդ ցոգոլներից մի երկու հատ տուր ու փախի, քանի կնիկս չի եկել: Ու ես փախա… Կանացի կազմը դաստիարակչական էր, էլի, զանգում էին մամային, մամաս էլ իր հերթին ծեծում էր ինձ:


Ընտանիքի միակ երեխան է եղել Նարեկ Դուրյանը: Մի կողմից մինչեւ հիմա միակ երեխայի էգոիզմը խոսում է, մյուս կողմից դեռ լիարժեք պատասխանը չի գտել՝ գո՞հ է արդյոք, որ մենակ է, թե՝ չէ: Միակը լինելը, սակայն, ոչ մի արտոնություն չի տվել ապագա դերասանին:


-Չէ՜, չէ՜, չէ՜: Ես շատ դաժան, չակերտների մեջ մանկություն եմ ունեցել: Հայրս ինձ չէր ծեծում, այ ականջիս տակից էր քաշում: Բռնում էր, քաշում տանում էր, ես պիտի վազեի գնայի անկյուն: Ինքը գերմանական դպրոցում է սովորել, իրեն գերմանացիներն էդպես են արել: Եվ դա ինքը սովորել էր, իմ վրա էր անում: Մայրս վրացահայ է, ո՜ւ: Քանի փայտ է վրաս կոտրել:


Նարեկ Դուրյանը չսովորող երեխա է եղել, բայց որ առարկան սիրում էր, պրպտում, հետքրքրվում, տարբեր տեղերից գրքեր էր ճարում, որ լիարժեք տիրապետեր նյութին: Ամենաշատ ֆիզիկա չէր սիրում: 


-Ես մինչեւ կյանքիս վերջ չհասկացա իմ ինչին է պետք, եթե քարը գցեմ ինչ ուժ է իր  վրա ազդում եւ այլն:


Նարեկ Դուրյանի մանկությունն իր հետ է, իր մեջ, իրենց բակում, արդեն տարիքն առած ընկերների մեջ, այն հին ու իսկական Երեւանում:




Զանի Հարոյան

 

Նույն շարքից